Եգիպտոսում սեպտեմբերի 5-ին մահափորձ են կատարել ներքին գործերի նախարար Մուհամդ Իբրահիմի դեմ: Նախնական վարկածով՝ նախարարին փորձել են սպանել նրա ավտոշարասյան ճանապարհին ականապատ մեքենա պայթեցնելով: Այլ տվյալներով՝ պայթուցիկը նախարարի տան մոտ են տեղադրել:

Պայթյունի հետեւանքով չորս պատահական անցորդներ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ պայթյունից անմիջապես հետո փոխհրաձգություն է սկսվել նախարարին ուղեկցող ոստիկանների եւ անհայտ անձանց միջեւ: Սպանվել են երկու գրոհայիններ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները: Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել: