Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը դիմել էր Եվրամիությանը՝ Ռուսաստանի կողմից «խտրական» մաքսային միջոցներ կիրառելու հարցով, ԵՄ-ից արդեն աջակցություն են հայտնել Լիտվային:
Լիտվայի ԱԳՆ-ի համապատասխան նամակներ են ուղարկվել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, Եվրահանձնաժողովում նախագահի տեղակալ Սիիմ Կալլասին, ինչպես նաեւ ԵՀ-ի անդամներ Ալգիրդաս Շեմետին, Կարելու դե Գուհտուին եւ Շտեֆան Ֆուլեին:
Ըստ Լինկյավիչուսի հայտարարության՝ սեպտեմբերի 11-ից ռուս-լիտվական սահմանին Լիտվայից իրականացվող բոլոր փոխադրումները եւ փոխադրողները մանրազնին ստուգման են ենթարկվում: Դա «զգալի վատացնում է առեւտուրը եւ բացասական է ազդում տրանսպորտային համակարգի վրա», նշել է Լինկյավիչյուսը: Ըստ նրա՝ այդ միջոցներն անհիմն են, խտրական եւ բացասական ազդեցություն են թողնում Լիտվայի եւ ամբողջ ԵՄ-ի տրանսպորտային եւ առեւտրային համակարգի մրցունակության վրա , հաղորդում է Delfi.lt.
Սեպտեմբերի 2 –ին եւ 13-ին Լիտվայի ԱԳՆ էր հրավիրվել Լիտվայում ՌԴ-ի դեսպան Վլադիմիր Չխիկվաձեն՝ Ռուսաստանի կողմից լիտվական ընկերությունների եւ քաղաքացիների նկատմամբ խտրական միջոցներ կիրառելու վերաբերյալ բացատրություն տալու համար:
ԵՀ-ն արձագանքել է Լիտվայի ԱԳՆ-ի նամակին եւ Ռուսաստանին կոչ է արել անմիջապես դադարեցնել Լիտվայից բեռնափոխադրումների վրա կիրառվող սահմանափակումները: «Այսուհետ Հանձնաժողովն ուշադիր հետեւելու է իրավիճակին եւ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկելու՝ ճնշման ենթարկված երկրներին օգնություն ցուցաբերելու նպատակով», - հաստատում է ԵՀ-ի ներկայացուցչությունը:
Կալինինգրադի մարզի սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված բողոքներն սկսել էին ստացվել դեռ սեպտեմբերի սկզբին, հայտնում է lenta.ru-ն: Ըստ Լիտվայի սահմանապահական ծառայության՝ ռուսական կողմը ստուգման խստացումը մեկնաբանել է «ինչ-որ նոր տեղեկատվական համակարգերի ներմուծմամբ»: Լիտվայում էլ դրանում քաղաքական ենթատեքստ են տեսնում: Մաքսային խստացումը կապում են ԵՄ-ում հանրապետության ներկայացուցչության եւ «Արեւելյան գործընկերությունում» վերջինիս մասնակցությամբ (նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա այդ ծրագրի գագաթաժողովը, որտեղ կհաստատվեն ասոցացման պայմանագրերը ԽՍՀՄ նախկին պետություններից մի քանիսի, մասնավորապես՝ Ուկրաինայի հետ):





























