Moody's վարկանշային գործակալության կողմից Հայաստանի վարկանիշերի վերջին (սեպտեմբերի 20) փոփոխությունը, որով երկրին տրված գնահատականները նվազեցվեցին՝ կարելի է եւ անսպասելի համարել: Առավել եւս՝ օգոստոսի 20-ի Moody's-ի հաղորդագրությունից հետո, ըստ որի՝ Հայաստանի սուվերեն վարկանիշը բարելավվել է՝ Ba2-ը բացասականից դարձել է կայուն:

Սուվերեն վարկանիշը, եթե շատ ընդհանուր գնահատենք, մի գնահատական է, որն արտահայտում է երկրի դեֆոլտի (անվճարունակության) հավանականությունը:  Ba2-ը Moody's-ի վարկանշային սանդղակում միջին դիրքերում է, սակայն դասվում է սպեկուլյատիվների շարքին՝ անմիջական վտանգ չեն տեսնում, բայց ռիսկերը բարձր են: Հատկանշական է, որ Հայաստանն այս առումով ավելի առաջ է, քան Ուկրաինան (Ba1 դրական), սակայն զիջում է Ռուսաստանին (Baa2 կայուն), Ղազախստանին (Baa2 կայուն), Ադրբեջանին (Ba1 կայուն):

Ադրբեջանի վարկանիշի վրա դրական է անդրադառնում նավթի ու գազի վաճառքից կայուն արտարժութային եկամուտների ստացումը: Ուկրաինայի վարկանիշի վրա բացասաբար է անդրադառնում Ասոցացման համաձայնագրի ստորագրման հանգամանքը, որը Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների հավանականությունը մեծացնում է (Ուկրաինայի առեւտրի 25%-ը Ռուսաստանի հետ է): Սեպտեմբերի 23-ին Moody's-ը իջեցրել է Ուկրաինայի եվրոբոնդերի վարկանիշը մինչեւ Caa1՝ սա համարյա թե դեֆոլտի ազդանշան է: Ուկրաինան այս տարի եվրոբոնդերի 2 թողարկում է իրականացրել, երկուսի թողարկման տոկոսադրույքը 7-ից բարձր էր (Հայաստանինը, հիշեցնենք, 6% է):

Moody's-ը սեպտեմբերի 20-ի հաղորդագրության մեջ Հայաստանին տրված Ba2 սուվերեն վարկանիշը չի փոխել, սակայն մի քանի այլ փոփոխություն առկա է:

Նախ՝ արտարժութային պարտատոմսերի առավելագույն առաստաղը Baa3-ից իջեցվել է Ba1: Սա առաջին հերթին վերաբերում է մասնավոր թողարկողներին եւ նշանակում է, որ նրանցից որեւէ մեկը, պարտատոմսեր թողարկելիս, ավելի բարձր վարկանիշի չի կարող հավակնել: Նշենք, որ ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին իրավունք է տրվել արտարժութային պարտատոմսեր թողարկել, սակայն նրանցից որեւէ մեկը դեռ չի դիմել Moody's-ին՝ վարկանիշ ստանալու համար: Համարվում է, որ եթե վարկանիշը ցածր է Baa3-ից, ապա կենսաթոշակային հիմնադրամներն ու շուկայի մյուս կոնսերվատիվ ներդրողները դրանցում ներդրում չեն իրականացնի:

Միաժամանակ, Moody’s-ը վերանայել է Հայաստանի կարճաժամկետ արտարժութային պարտատոմսերի առաստաղը՝ Prime-3-ից փոխելով Not-Prime-ի (ներդրումային դասը փոխարինելով սպեկուլյատիվ դասով): Կարճաժամկետ են համարվում մինչեւ 13 ամսով թողարկումները: Սա, ըստ էության, զրոյացնում է կառավարության կամ տնտեսվարողների ցանկությունը՝ միջազգային շուկայում թողարկել արտարժութային կարճաժամկետ պարտատոմսեր, սակայն որքան տեղյակ ենք՝ նման մտադրություններ ընդհանրապես գոյություն չունեն:

Այսպիսով՝ Moody’s-ի օգոստոսի 20-ին եւ սեպտեմբերի 20-ին Հայաստանի վերաբերյալ փոփոխություններն, ընդհանոր առմամբ, դրական են եղել կառավարության կողմից եվրաբոնդերի թողարկման համար, սակայն բացասական են մասնավոր հատվածի համար՝ միջազգային շուկա դուրս գալու տեսանկյունից: Արտարժութային պարտատոմսերի առավելագույն առաստաղի իջեցումը, հնարավոր է, բացասաբար ազդի երկրորդային շուկայում կառավարության եվրաբոնդերի գնանշումների վրա:

Սամվել Ավագյան