Սեպտեմբերի 24-ին Պակիստանի հարավարեւմտյան Բելուջստան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 208 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինհուան»:
Ըստ պաշտոնյաների` առնվազն 373 մարդ վիրավորվել է: Տարերային աղետի հետեւանքով շրջանում ավերվել է շինությունների 90%-ը: Ամենից շատ տուժել են կավաշեն կառույցները:
Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության` երկրաշարժը եղել է 7,7 մագնիտուդ ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվել է Բելուջստան նահանգի տարածքում` Ավարան քաղաքից 66 կմ հյուսիս-արեւելք, երկրաշարժի օջախը ընկած է եղել 20 կմ խորությունում: Երկրաշարժին հաջորդել է չորս ցնցում, ամենահզորը եղել է 5,9 մագնիտուդ ուժգնությամբ:
Բելուջստանը Պակիստանի ամենախոշոր, սակայն ամենաքիչ բնակեցված տարածքն է (8 միլիոն բնակիչ): Մի քանի րոպե ցնցումներն զգալի են եղել Հայդարաբադ, Լարկանա քաղաքներում եւ այլ բնակավայրերում: Թույլ ցնցումներ են զգացվել Նյու Դելիում եւ հյուսիսային Հնդկաստանի այլ մասերում:





























