ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը պետք է հաշվի առնի տարածաշրջանային խմբերի շահերը, եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ մշտական անդամի լրացուցիչ տեղ հատկացվի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նման հայտարարություն է հնչեցրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Կարծում ենք՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում բարեփոխումների ժամանակ պետք է հաշվի առնվեն տարածաշրջանային բոլոր խմբերի օրինական շահերը, այդ թվում՝ Արեւելյան Եվրոպայի երկրների: Խոսքը Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմում մեր տարածաշրջանի երկրներին ոչ մշտական անդամի լրացուցիչ եւս մեկ տեղ տրամադրելու մասին է», - Յանուկովիչի խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմը»:
Վիկտոր Յանուկովիչը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի եվրաինտեգրման ձգտումները որոշում են երկրի զարգացման վեկտորը:
Նա համոզմունք է հայտնել, որ նոյեմբերին Վիլնյուսում Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի քաղաքացիների բարեկեցությունը մեծացնելու կարեւոր գործիք կդառնա:
Յանուկովիչը հատկապես նշել է եվրոպական էներգաանվտանգությունը ամրապնդելու անհրաժեշտությունը: Այդ խնդիրների արդյունավետ լուծման համար Կիեւն ակտիվ մասնակցում է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության աշխատանքին: Այդ կազմակերպությունը, ըստ նրա, կարեւորագույն դեր ունի Եվրոպայում հակամարտությունների կարգավորման եւ հանցավորության դեմ պայքարի գործում:
«Անհրաժեշտ է խորացնել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցությունը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Վիկտոր Յանուկովիչը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացել է նաեւ Վիկտոր Յանուկովիչի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայի եվրաինտեգրման հարցը: «Ես նշեցի, որ մենք վստահ ընթանում ենք այդ ճանապարհով», - հայտարարել է Յանուկովիչը:





























