News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՊՃՀ-ում նոյեմբերի 28-ի ռեկտորատի նիստում ռեկտոր Արա Ավետիսյանը վիրավորել է համալսարանի գլխավոր իրավախորհրդատու Մարինե Գրիգորյանին, որն էլ դիմումով խնդրել է արհեստակցական կազմակերպության նախագահին արհկոմի ժողովում քննարկել ռեկտորի պահվածքը: Այս մասին դեկտեմբերի 6-ին NEWS.am-ին ասաց ՀՊՃՀ արհեստակցական կազմակերպության նախագահության անդամ Անդրանիկ Խզարջյանը։

Նրա խոսքով, նիստի ժամանակ Արա Ավետիսյանը, խոսելով համալսարանի ֆինանսական վիճակի մասին, այն համեմատել է Տնտեսագիտական համալսարանի հետ: «Այդ համալսարանում տրաքած վիճակ է, ոչինչ անել չեն կարողանում, իսկ մենք կարողանում ենք, դեռ մի բան էլ ավելի, տնտեսումներ ունենք»,- Խզարջյանի խոսքով, ասել է Արա Ավետիսյանը:

Ռեկտորը խոսել է համալսարանում իր կատարած բարեփոխումների մասին, ասել, որ դասախոսները չեն գնահատում դրանք և փոխարենը միտինգներ են անում: Նա հայտարարել է, որ առաջիկայում աշխատավարձերի բարձրացում չի լինի և նշել, որ կոլեկտիվը մինչեւ հիմա շնորհակալություն չի հայտնել իր վճարած 13-րդ աշխատավարձի համար:

Համալսարանի գլխավոր իրավախորհրդատու Մարինե Գրիգորյանը արձագանքել է ռեկտորի հայտարարությանը. «Այդ գումարների մի մասը հավաքվում է մեր կողմից կատարված աշխատանքի դիմաց տրվող աշխատավարձի տնտեսումից և, իհարկե, համալսարանի արտաբյուջետային միջոցների տնտեսումից, այնպես որ, ոչ մեկն իր անձնական փողերը մեզ չի տալիս, ի՞նչ շնորհակալության մասին է խոսքը»:

«Մարինե Գրիգորյան, սրանից հետո դու չհամարձակվես հարգարժան ակադեմիկոսների ներկայությամբ խոսես և այդպես նրանց վիրավորես, չափդ ճանաչի»,- վրդովված տոնով ասել է Արա Ավետիսյանը:

Ռեկտորը, Խզարջյանի խոսքով, անհիմն մեղադրել է Մարինե Գրիգորյանին ակադեմիկոսներին վիրավորանք հասցնելու համար։ Իսկ Մարինե Գրիգորյանը դիմում է գրել համալսարանի արհեստակցական կազմակերպությանը՝ խնդրելով քննարկել իրեն հասցված վիրավորանքը:

Մինչեւ նիստը, սակայն, ռեկտորը Մարինե Գրիգորյանի եւ արհկոմի անդամների հետ քննարկել է հարցը եւ ներողություն խնդրել գլխավոր իրավախորհրդատուից։

Տպել
Ամենաշատ