Համաշխարհային բանկի խմբի առաքելությունն աղքատությանը վերջ դնելն է, սակայն մենք հասկանում ենք, որ դա անհնար է բնությունից զրկված աշխարհում, և հենց այդ պատճառով անցյալ տարի մենք բնության հետ առնչվող ծրագրերի ֆինանսավորմանն ուղղել ենք գրեթե 9 միլիարդ դոլար։ Դրա մասին COP17-ի շրջանակում հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի կլիմայի փոփոխության հարցերով գլոբալ տնօրեն Վալերի Հիքին։

«Բնությունն աշխատատեղերի ստեղծման և ՀՆԱ-ի աճի հզոր շարժիչ է։ Այն ծառայում է որպես մեր ընդհանուր բարգավաճման հիմք։ Աշխարհում աշխատատեղերի 40%-ն ուղղակիորեն կախված է բնությունից, իսկ շատ երկրներում այդ ցուցանիշը հասնում է 80%-ի։

Բնական ռեսուրսների վրա հիմնված բիզնեսը զգալիորեն ավելի շատ աշխատատեղեր է ստեղծում, քան տնտեսական գործունեության մյուս տեսակները։ Մենք ձգտում ենք, որպեսզի ֆինանսական շուկաների մասնակիցները տեսնեն բնության ներուժը և կարողանան ներդրումներ կատարել դրա մեջ։ Սակայն միայն տեղեկատվությունն ու ներառականությունը բավարար չեն։ Անհրաժեշտ են հուսալի խթաններ, ուժեղ ինստիտուտներ և նոր ֆինանսական գործիքներ։ Հենց այդ պատճառով մենք աջակցություն ենք ցուցաբերում շրջակա միջավայրի պահպանության նախարարություններին՝ օգնելով նրանց ամրապնդել կազմակերպչական կարողությունները։

Մենք մշակում ենք նորարարական ֆինանսական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս այս օրակարգը վերածել բնական լանդշաֆտներում իրական ներդրումների։ Խոսքը վերաբերում է պարտատոմսերի նոր տեսակների ստեղծմանը՝ օրինակ «կապույտ պարտատոմսերի» (blue bonds), որոնք երկրներին և ընկերություններին հնարավորություն են ընձեռում կապիտալի շուկաներից միջոցներ ներգրավել «կապույտ տնտեսություն» կառուցելու համար, որը նպաստում է օվկիանոսի առողջացմանը։ Մենք նաև ներդրել ենք արդյունքներին կապակցված պարտատոմսեր։ Դրանք հնարավորություն են տալիս բնապահպանական նախագծերում հնարավոր ձախողումներին առնչվող ռիսկերը պետական բյուջեից տեղափոխել ֆինանսական շուկաներ։

Բացի դրանից, մենք օգտագործում ենք մեր կապիտալը՝ առևտրային նախաձեռնությունների ռիսկերը նվազեցնելու համար։ Դրա շնորհիվ ֆերմերային տնտեսությունները, զբոսաշրջային օպերատորները և խոշոր ընկերությունները, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել բնության մեջ, կարող են շահույթ ստանալ դրա պահպանությունից, վերականգնումից և կայուն օգտագործումից»,- նշել է Վալերի Հիքին։