Երեւանի Սասունցի Դավիթ նրբանցքի տներից մեկում նոյեմբերի 21-ին «Շտապօգնության» բժշկին ծեծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանական աղբյուրները

Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 137-րդ 1-ին (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով) եւ 118-րդ (ծեծ) հոդվածի հատկանիշներով: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ բժշկի վրա ոչ մի մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: Գործի շրջանակներում առայժմ մեղադրյալներ չկան:

Հիշեցնենք, որ ԱՆ հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին, Սասունցի Դավիթ նրբանցքից Սրբուհի Տոնիկյանի անվամբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Թիվ 4 ենթակայանում եւ մոտակա բոլոր ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, եւ N 42 բրիգադը՝ բժշկուհի Ժաննա Բաբայան, մեկնել է նշված հասցեով: Մինչեւ շտապօգնության հասնելը հիվանդը մահացել է։ «Մեքենայից իջնելուն պես հիվանդի հարազատներից մեկը (տղամարդ) բժշկուհու հագուստից բռնելով, քարշ տալով ներս է տարել, սպառնացել դանակով եւ հայհոյել: Շտապօգնության վարորդին հաջողվել է դանակը խլել սպառնացողի ձեռքից: Բրիգադը հեռացել է»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում:

Շտապօգնության բժշկի նկատմամբ մեկ այլ վայրագություն է արձանագրվել նույն օրը՝ ժամը 13:52-ին, Դավիթաշեն 5 փող. 25ա տուն հասցեից Վարդան Ծառուկյանի անվամբ 1-03 ծառայությունում գրանցված N 273 կանչի ժամանակ: Կանչի մեկնել է թիվ 2 ենթակայանի N 21 բրիգադը՝ բժիշկը Գագիկ Ներսիսյան: Բրիգադը նշված հասցե է հասել 6 րոպեում: Բժշկի ներս մտնելուն պես հիվանդը շնչահեղձ լինելով ասել է, որ 40 րոպե խնդրել է հարազատներին շտապօգնություն կանչել: Առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում (թթվածին տալու ժամանակ) հիվանդը մահանում է: Ցավոք, բժշկի կողմից կատարված վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներն արդյունք չեն տվել: Երբ այդ մասին հայտնել են հիվանդի տղային, նա հարձակվել է բժշկի վրա, հարվածել գլխին, կրծքավանդակին: