Երեւանի երկու տարբեր թաղամասերում նույն օրը բժիշկներին ծեծելու դեպքերի առթիվ դեռ քրեական գործեր չեն հարուցվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ոստիկանությունից:

Երկու դեպքերով էլ նշանակված են մի շարք փորձաքննություններ: Ըստ որում՝ Սասունցի Դավիթ նրբանցքից ստացված կանչի դեպքով մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել ոչ բժշկի, ոչ էլ ծեծի ենթարկողի վրա: Դավիթաշենի դեպքով, երբ բժիշկը լուրջ վնասվածքներ էր ստացել եւ օրեր շարունակ գտնվում էր հիվանդանոցում, դեռ փորձաքննության եզրակացությունը պատրաստ չէ:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Դավիթաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հիվանդի որդու կողմից ծեծի ենթարկված «Շտապօգնության» բժիշկ  Գագիկ Ներսիսյանի առողջական վիճակն այժմ համեմատաբար կայուն է, նա մինչեւ դեկտեմբերի 10-ը գտնվում է արձակուրդի մեջ՝ ապաքինման նպատակով, այնուհետեւ կանցնի բնականոն աշխատանքի:

Հիշեցնենք, որ ԱՆ հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին, Սասունցի Դավիթ նրբանցքից Սրբուհի Տոնիկյանի անվամբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Թիվ 4 ենթակայանում եւ մոտակա բոլոր ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, եւ N 42 բրիգադը՝ բժշկուհի Ժաննա Բաբայան, մեկնել է նշված հասցեով: Մինչեւ շտապօգնության հասնելը հիվանդը մահացել է։ «Մեքենայից իջնելուն պես հիվանդի հարազատներից մեկը (տղամարդ) բժշկուհու հագուստից բռնելով, քարշ տալով ներս է տարել, սպառնացել դանակով եւ հայհոյել: Շտապօգնության վարորդին հաջողվել է դանակը խլել սպառնացողի ձեռքից: Բրիգադը հեռացել է»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում:

Շտապօգնության բժշկի նկատմամբ մեկ այլ վայրագություն է արձանագրվել նույն օրը՝ ժամը 13:52-ին, Դավիթաշեն 5 փող. 25ա տուն հասցեից Վարդան Ծառուկյանի անվամբ 1-03 ծառայությունում գրանցված N 273 կանչի ժամանակ: Կանչի մեկնել է թիվ 2 ենթակայանի N 21 բրիգադը՝ բժիշկը Գագիկ Ներսիսյան: Բրիգադը նշված հասցե է հասել 6 րոպեում: Բժշկի ներս մտնելուն պես հիվանդը շնչահեղձ լինելով ասել է, որ 40 րոպե խնդրել է հարազատներին շտապօգնություն կանչել: Առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում (թթվածին տալու ժամանակ) հիվանդը մահանում է: Ցավոք, բժշկի կողմից կատարված վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներն արդյունք չեն տվել: Երբ այդ մասին հայտնել են հիվանդի տղային, նա հարձակվել է բժշկի վրա, հարվածել գլխին, կրծքավանդակին: