Դավիթաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հիվանդի որդու կողմից ծեծի ենթարկված «Շտապօգնության» բժիշկը՝ Գագիկ Ներսիսյանը, դուրս է գրվել Հանրապետական հիվանդանոցից, բուժումը կշարունակի տանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա այցելել էր իրենց բժշկին, եւ նշեց, որ վիճակը համեմատաբար լավ է, դեմքի շրջանում երկու կար է դրվել, նրա մոտ առկա է ուղեղի ցնցում եւ անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի տրավմայից հետո ապաքինվի:
Նույն օրը մեկ այլ հասցեում՝ Սասունցի Դավիթ նրբանցքի 35 տանը բռնության ենթարկված մյուս բժշկի մոտ առկա է վախ եւ սթրեսային վիճակ: Թագուհի Ստեփանյանը անդրադարձավ այդ հիվանդի հարազատների մեղադրանքներին, թե «Շտապօգնությունը» ժամանել է 45 րոպե հետո, հեռախոսազանգերին չեն պատասխանել, րոպեներ շարունակ հարցեր են տվել եւ այլն:
Թագուհի Ստեփանյանը հանել է այդ կանչի հետ կապված բոլոր ձայնագրությունները եւ տեսագրությունները եւ պատրաստ է դրանք հրապարակել, որպեսզի ցույց տա, որ «Շտապօգնության» աշխատակիցների կողմից սխալ չի եղել: Տնօրենը նշեց, որ
կանչը գրանցվել է 00.52-ին, իսկ 01.17 արդեն մեքենան սպասարկած է եղել հիվանդին եւ վերադարձած ենթակայան, այսինքն՝ կանչն ամբողջությամբ տեւել է 25 րոպե: Կանչը ստանալուն պես, Թագուհի Ստեփանյանի փոխանցմամբ, մեքենան ուշ է մեկնել, քանի որ քաղաքում մեքենա չկար եւ այն մեկնել է Նուբարաշենի ենթակայանից:
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ այդ օրը՝ 00.48-ին, այդ հասցեից իրենք կանչ են ստացել մի տղամարդուց, որը սկսել է հայհոյել, չի կարողացել ձեւակերպել իր անունը, ազգանունը, հասցեն եւ անջատել է հեռախոսը: 4 րոպե անց նրա հարեւանուհին է կանչ տվել եւ մեքենան մեկնել է:
Թագուհի Ստեփանյանը նաեւ շեշտեց, որ կանչը ստացող ընդամենը հարցրել է հիվանդի անուն, ազգանունը եւ հասցեն, որը տեւել է վայրկյաններ: Նրանք պատրաստ են անգամ հրապարակել ձայնագրությունները:
Հիշեցնենք, որ ԱՆ հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին, Սասունցի Դավիթ նրբանցքից Սրբուհի Տոնիկյանի անվամբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Թիվ 4 ենթակայանում եւ մոտակա բոլոր ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, եւ N 42 բրիգադը՝ բժշկուհի Ժաննա Բաբայան, մեկնել է նշված հասցեով: Մինչեւ շտապօգնության հասնելը հիվանդը մահացել է։ «Մեքենայից իջնելուն պես հիվանդի հարազատներից մեկը (տղամարդ) բժշկուհու հագուստից բռնելով, քարշ տալով ներս է տարել, սպառնացել դանակով եւ հայհոյել: Շտապօգնության վարորդին հաջողվել է դանակը խլել սպառնացողի ձեռքից: Բրիգադը հեռացել է»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում:
Շտապօգնության բժշկի նկատմամբ մեկ այլ վայրագություն է արձանագրվել նույն օրը՝ ժամը 13:52-ին, Դավիթաշեն 5 փող. 25ա տուն հասցեից Վարդան Ծառուկյանի անվամբ 1-03 ծառայությունում գրանցված N 273 կանչի ժամանակ: Կանչի մեկնել է թիվ 2 ենթակայանի N 21 բրիգադը՝ բժիշկը Գագիկ Ներսիսյան: Բրիգադը նշված հասցե է հասել 6 րոպեում: Բժշկի ներս մտնելուն պես հիվանդը շնչահեղձ լինելով ասել է, որ 40 րոպե խնդրել է հարազատներին շտապօգնություն կանչել: Առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում (թթվածին տալու ժամանակ) հիվանդը մահանում է: Ցավոք, բժշկի կողմից կատարված վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներն արդյունք չեն տվել: Երբ այդ մասին հայտնել են հիվանդի տղային, նա հարձակվել է բժշկի վրա, հարվածել գլխին, կրծքավանդակին:




























