Ռուսաստանի պետական դուման աշխատանքային միգրանտներին պարտավորեցրել է հաստատել ռուսաց լեզվի, ՌԴ օրենքների ու պատմության մասին իրենց գիտելիքները: Համապատասխան օրինագծերը ՌԴ խորհրդարանի ստորին պալատն ընդունել է 2-րդ եւ 3-րդ ընթերցմամբ:

Օրենքով, մասնավորապես, նախատեսվում է, որ օտարերկրյա քաղաքացին ՌԴ-ում ժամանակավոր բնակության, աշխատանքի իրավունք ստանալու համար դիմելիս պարտավոր է ապացուցի ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության եւ ՌԴ օրենսդրության հիմքերի մասին գիտելիքների առկայությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, որպես այդպիսի ապացույց ընդունվում են նախկին ԽՍՀՄ երկրների կողմից տրված պետական նմուշի սերտիֆիկատներ, դիպլոմներ եւ ատեստատներ:
Բացառություն են կազմում բարձր որակավորում ունեցող մասնագետները, անաշխատունակ քաղաքացիները, անչափահասները, ինչպես նաեւ «Հայրենակիցներ» ծրագրով ժամանածները:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: