Պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 13-ի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին: Այս մասին NEWS.am-ին ասաց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը` նշելով, որ այսօր` հունվարի 15-ին, բողոքարկելու է Վոլոդյա Ավետիսյանի գործով հունվարի 13-ին կայացրած որոշումը:
«Գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը պետք է որ բողոքը բավարարի, քանի որ առաջին ատյանի որոշումը, ոչ միայն անօրինական է ու անհիմն, այլև հակասում է Վճռաբեկ դատարանի որոշումներին»,-ասաց Արա Զաքարյանը` նշելով, որ նմանատիպ գործով առկա է քննչական գործողությունների բացակայության պարագայում խափանման միջոց կալանքը հանելու՝ Վճռաբեկ դատարանի որոշում, որը պետք է նախադեպ հանդիսանա մնացած գործերի համար, սակայն Վոլոդյա Ավետիսյանի գործով այն չկիրառվեց:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ի դատարանի որոշմամբ` պահեստազորի փոխգնդապետի խափանման միջոց կալանքը երկարացվեց արդեն երկրորդ անգամ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:





























