Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնական Գրուշեւսկի փողոցում, շարունակվում է «Բերկուտ»-ի մարտիկների պայքարը ցուցարարների դեմ:
Հաղորդվում է, որ հունվարի լույս 21-ի գիշերը, երբ «Բերկուտ»-ի հարձակման հետեւանքով ցուցարարները նահանջել էին դեպի Ազգային գեղարվեստական թանգարան, ակտիվիստները վերսկսել են հարձակումները պատնեշների վրա` փորձելով դյուրավառ նյութեր նետել ոստիկանների վրա:
Սակայն արգելապատնեշների այն կողմից իրավապահները ակտիվիստների ուղղությամբ խլացուցիչ նռնակներ են նետել: Շուրջն ամեն ինչ ծխի մեջ է, հայտնում է ՈՒՆՆ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հատուկ նշանակության ջոկատի մարտիկները քանդել էին բողոքողների կառուցած պատնեշները: «Բերկուտ»-ը տրավմատիկ զենք էր կիրառել: Ի պատասխան` բողոքողները ուժայինների վրա քարեր եւ վառվող նյութեր էին նետել:
Միաժամանակ մարզահագուստով անհայտ անձինք արգելափակել էին Մայդանի մուտքերը, հայտնում է ԼԻԳԱ-ն:




























