«Էռոս» գիշերային ակումբի մոտ կրակոցներ արձակած եւ հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Ոստիկանության հաղորդմամբ՝  հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից, ձախ ազդրի ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «ՏՕԶ» հրազենի 5,6 մմ տրամաչափի չկրակված 3 փամփուշտ եւ փամփուշտի 1 գնդակ: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 04.30-ի սահմաններում, գիշերային ակումբի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1984 թ. ծնված Արմեն Հ.-ն բռունցքով հարվածել եւ դեմքի շրջանում վնասվածք է պատճառել 1982 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին, այնուհետեւ իր մոտ ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի թմբուկավոր ատրճանակից կրակել եւ մարմնական վնասվածք է պատճառել Հարություն Զ.-ին եւ դիմել փախուստի:

Փետրվարի 1-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Արմեն Հ.-ին հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում եւ բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք եւ ներկայացրել հանցագործության գործիք «ՏՕԶ» տիպի, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 3 չկրակված փամփուշտներով եւ կրակված փամփուշտի 2 պարկուճներով:

Նշանակվել են փորձաքննություններ: