Քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը այդպես էլ չի բացահայտվի, բայց շատ արյուն կխլի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիաղարյանը:

«Ես չեմ կարծում, որ այս գործը կբացահայտվի մինչեւ վերջ, որովհետեւ հետո կպարզվի, որ գործի շրջանակներում ձերբակալված Իսոն անմեղսունակ է եւ կուղարկեն հարկադիր բուժման 2 տարով: Եթե հաշվի ենք առնում, որ խոսքը գնում է Թեւոսիկի եղբոր մասին, ապա ցանկացած ոտնձգություն, սպանության փորձ ուղղված է դեպի Թեւոսիկը, որովհետեւ եթե այդ մարդիկ նրա եղբոր վրա ձեռք են բարձրացնում, Թեւոսիկին պետք է պատասխան տան: Այս գործը դեռ շատ արյուն կտանի, Թեւոսիկը մեկուսացված է, իմ կարծիքով՝ հիմա կաշխատեն Թեւոսիկին վերացնել»,- ասաց նա: 

Գործի շրջանակներում ձերբակալված 45-ամյա Իսրայել Սարգսյանի վերաբերյալ նա հայտնեց, որ դժվար վերջինս Արմեն Տեր-Սահակյանի բանդայի հետ այժմ առնչություն ունենա, քանի որ նա 15 տարուց ավել գտնվում է անազատության մեջ եւ իր բանդայից  արդեն հուշն էլ չի մնացել, իսկ նախկին անդամները իրենց հոգեհարազատ մարդիկ են գտնում: «Մարդու արյան համ տեսած մարդակերները որպես կանոն հավաքվում են իրար գլխի, նրան ման եկեք ուրիշ երամակի մեջ, արդեն նա կապ չի ունենա Արմեն Տեր-Սահակյանի հետ: Ես չեմ բացառում, որ Թեւոսիկի եղբոր սպանությունը պատվերի արդյունքում եղած լինի, Իսոն ընդամենը կատարող լինի»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է Իսրայել Սարգսյանի՝ աղմկահարույց գործերի շրջանակում ներգրավված լինելուն, ԱԱԾ նախկին պետի տեղակալը մատնանշեց նախկին դատախազ, այժմ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը մահափորձի գործը, որը բացահայտելուն ներդրում է ունեցել նաեւ ինքը: «Այն ժամանակ Վալոդյան ավազակային հարձակման մի գործ էր քննում, որտեղ եղել էր շատ հետեւողական, նախաքննությունն էր վերահսկում, ցուցումներ էր տվել եւ մոտեցել էր Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամներից մեկին, կարծեմ Սուրիկ էր անունը, որոշել էին նրան վերացնել: Հետագայում ոստիկանությունը բացահայտեց գործը, ես օպերատիվ խումբ ուղարկեցի տաք հետքերով, գտանք այրված մեքենան, որով գնացել էին Վալոդյայենց տուն, պարզեցինք՝ ում մեքենան է եւ պարզեցինք՝ ով է գնել այդ մեքենան, որը երկրորդական, երրորդական մարդկանց միջոցով փոխանցեցին ոստիկանության Շահումյանի բաժնին, նրանք էլ տաք հետքերով բացահայտեցին»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Այդ ժամանակ ԱԱԾ պետի նախկին տեղակալը հայտարարությամբ հանդես եկավ, որ եթե Վլադիմիր Գրիգորյանի դեմ մահափորձերը շարունակվեն, ստպված կլինի բրիֆինգ հրավիրել եւ որոշ մանրամասներ հայտնել գործից: Գուրգեն Եղիազարյանը հիշեց նաեւ, որ Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամները իր դեմ եւս երկու մահափորձ են կազմակերպել, սակայն ինքը մանրամասն չի հետաքրքրվել եւ չգիտի՝ Իսոն ներգրավված է եղել, թե ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թեւոսիկի եղբոր սպանությունը վենդետայի արդյունք է: Բանն այն է, որ նույնիսկ անազատության մեջ Թեւոսիկը դրսում «գործեր է արել» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի միջոցով:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սաֆարյանին սպանողները եղել են երկու հոգով, նրանք ժամանակին հայտնի Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մասնակիցներն են եղել: Արթուր Սաֆարյանին կրակողը 48 տարեկան Մովսեսն էր (շրջապատում նրան Մոսո են ասում), նրա հետ է եղել 45-ամյա Իսրայելը, ով շրջապատում հայտնի է Իսո անունով:  Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Մովսեսի դիակը դեռ չի գտնվել, բայց ինչ-որ հետքեր կան, Իսոն այն մտցրել է խողովակի մեջ: Այժմ ոստիկանությունում կասկածյալի կարգավիճակով գտնվողը հենց Իսոն է, ով ձերբակալված է եւ ում կկալանավորեն:

Հիշեցնենք, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: