Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, եւ նրա ուսուցիչ Շահեն Հ.-ն դիմել են ոստիկանություն:
Ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է հետեւյալը.
«Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 57-ամյա Հրաչյա Գ.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 15-ամյա Շահեն Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին եւ պատճառել վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին եւ պատճառել ֆիզիկական ցավ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Շահեն Հարությունյանը պատմել էր, որ իր եւ ուսուցչի հետ հարաբերությունները վաղուց են լարված, եւ նա բազմիցս անձնական վիրավորանքներ է հասցրել իրեն։ «Մայորը ամենավերջին վիրավորանքները հասցրեց ինձ՝ ասելով, որ ես ոչխար եմ, անարժան և սրիկա, սպառնաց, որ ոտքի տակ կառնի ինձ հիմնի ժամանակ ծիծաղելու համար, բայց ես չպատասխանեցի՝ մտածելով, որ սխալ եմ, չի կարելի հիմնի ժամանակ ծիծաղել: Անցավ: Մի քանի րոպե հետո կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Ես խնդրեցի չվիրավորել: Ասեց՝ հիմա տանեմ, սենյակում քեզ ծեծե՞մ, թե գնանք տնօրենի մոտ: Ասեցի՝ չեք կարա ծեծեք ինձ, ասեց՝ գնում ենք տնօրենի մոտ»,- պատմել էր Շահենը։ Տնօրենը զբաղված է եղել, ուսուցիչն ու Շահենը վերադարձել են դասարան, որտեղ, Շահենի խոսքով, մայորը շարունակել է վիրավորել իրեն։ Շահենը զգուշացրել է, որ եթե շարունակի դիպչել իր արժանապատվությանը, ինքը կխփի, չնայած դրան՝ ուսուցիչը չի հանգստացել եւ հարվածել է Շահենի կրծքին։ Ի պատասխան, Շահենը ոտքով հարվածել է նրան. «Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին: Եթե չհարվածեի, սպանելու էր ինձ: Հարվածեցի ու դուրս եկա դասարանից: Փորձեց իմ հետեւից վազել, աշակերտները միջամտեցին ու թույլ չտվեցին»։




























