Իջեւանի զորամասերից մեկում մայիսի 10-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների մի մասի պատասխանն արդեն կա. վառոդի հետքեր հայտնաբերվել են միայն Ներսեսի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինվորի հորաքույրը՝ Կարինե Կարապետյանը:

«Փորձաքննության մեծ մասին պատասխանն արդեն եկել է: Ամենակարեւոր անալիզի պատասխանն այն է, որ վառոդի հետքերը միայն Ներսեսի վրա են հայտնաբերվել, դա նշանակում է, որ երեխան խաղացել է զենքի հետ, զենքն էլ միամիտ կրակել է: Բայց մենք չենք հավատում, արդեն չգիտենք էլ ինչին հավատանք, ինչին չէ: Երբ բոլոր պատասխաննները գան, ավելի հստակ կիմանանք»,- ասաց նա:

Նշենք, որ այս գործով հունիսի 17-ին մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանին ու պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Մանուկյանին: Մինչդեռ հարազատները համոզված են, որ նրանց մեղադրանք առաջադրվելը Ներսեսի մահվան հետ կապ չունի:

«Ներսեսի մահվան համար չեն իրենց մեղադրանք առաջադրել, այլ Ներսեսից բենզինի գումար ուզելու եւ սխալ փաստաթղթերի համար, թե չէ Ներսեսի սպանության համար ոչ մի դեռ չեն ձերբակալել»,- ավելացրեց մահացած զինվորի հորաքույրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները  խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):