Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին բացարձակ չի հետաքրքրում, որ իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:

Նա նշեց, որ քննությունից ընդհանրապես տեղյակ չէ, ոչ հետաքրքրվոււմ է, ոչ էլ որեւէ կերպ գնահատում է ոստիկանության որոշումը: Սուրեն Սարգսյանը նշեց, որ իմաստ չկա եւ բացարձակ հիմարություն է դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի բացահայտեն ծեծի եւ հարձակման դեպքերը, քանի որ դրանք կատարվել են կամ նրանց կողմից կամ նրանց լուռ համաձայնությամբ:

Ազատամարտիկը նաեւ նշեց, որ իրենք իրենց ուժերով զբաղվել են եւ արդեն պարզել են, թե ով էր ծեծի պատվիրատուն, որը ինքը չցանկացավ հրապարակել: Միայն նշեց, որ իրեն ծեծի ենթարկելու պատճառը իր գործունեությունն է: Կլինի հաշվեհարդար, թե ոչ, Սուրեն Սարգսյանն ասաց, որ նման բաները բարձրաձայն չեն ասում եւ հոխորտալը ազատամարտիկի համար սազական չէ:

Նշենք, որ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ չի հարուցվի: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ դեկտեմբերի 20-ին որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հատկանիշներով: Ըստ այդմ՝ քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե բացակայում է դիմողի բողոքը:

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ծեծի են ենթարկել երեք ազատամարտիկների, երկու ՀԱԿ անդամի: Ծեծի են ենթարկվել Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը. Սուրեն Սարգսյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: