Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ԱԺ-ն հայտարարության տեքստ է պատրաստել: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ հայտարարության լրամշակված տարբերակում, որն արդեն մտել է ՀՀ ԱԺ օրակարգ, հղում է արվում ՄԱԿ-ի եւ միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների ընդունած այն կոնվենցիաներին եւ օրենքներին, որոնցով դատապարտվում են 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը:

Հայտարարության լրամշակված նախագծին միացել են Աժ բոլոր հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորները:

Ստորեւ Ձեզ եմ ներկայացնում հայտարարության նախագիծը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը

– հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» Օրենքը,

– արժեւորելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում» ամրագրված դրույթները,

– կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովուրդի ունեցած ներդրումը,

– երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ.

Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: