Այսօր կառավարության նիստում հաստատվեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առաջարկած որոշումը՝ փոխել Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցին հարող 59,37 հա հողերի կատեգորիան՝ հատուկ պահպանվող տարածքից վերածելով բնակավայրերի հողերի կատեգորիայի։

Քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարությունները առարկել են այս որոշմանը, սակայն կառավարությունը որոշեց աջակցել Երեւանի քաղաքապետի նախաձեռնությանը։ Խնդիրն այն է, որ այդ հողերի մերձակայքում՝ 118 հա-ի վրա, կառուցապատում է իրականացնում «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը։ Սույն որոշումը հնարավորություն է տալիս ընկերությանը՝ կառուցապատման նպատակով օգտագործել նաեւ վերը նշված հողատարածքը կամ նրա մի մասը։

Քաղաքաշինության նախարարության առարկությունը պայմանավորված է նրանով, որ Տիչինայի փողոցին  հարող 59.37 հեկտար հատուկ պահպանվող տարածքը հանդիսանում է «Շահումյան–2» գործող գերեզմանատան սանիտարապաշտպանիչ գոտի, որի սահմաններում կառուցապատման իրականացումը հակասում է քաղաքաշինական նորմերին։ Իսկ բնապահպանության նախարարության առարկությանը կապված է այն հանգամանքի հետ, որ այդ տարածքը ամբողջովին կանաչապատ է։ «ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող 59.37 հա հողերի նպատակային նշանակության փոփոխության համար պատճառաբանումը հիմնավոր չէ, նկատի ունենալով Երևան քաղաքի համար կանաչ տարածքների խիստ սակավությունը»,- գրված է նախարարության գրավոր տեղեկանքում։

Նախարարությունների կողմից ներկայացված այս առարկություններին Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է, որ նշված հողատարածքների ֆունկցիոնալ նշանակությունը չի փոխվի, իսկ կառուցապատողը հոգ կտանի նաեւ կանաչ տարածքների ավելացման համար։