Իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ Գեւորգ Սաֆարյանը  հացադուլ է հայտարարել, որ տեղափոխվի առանձին խուց, քանի որ ընդհանուր խցում վախենում է բռնության ենթարկվել: 

«Նախկինում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր խցերում իր նկատմամբ բռնություն էր գործադրվել քրեական տարրերի կողմից, հիմա մտածում է՝ կարող է այն կրկին լինել, այդ պատճառով հացադուլ է հայտարարել, որ առանձiն խուց տեղափոխվի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ առանձին խուց տեղափոխվելուց հետո Գեւորգ Սաֆարյանը կդադարեցնի հացադուլը: 

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: