Ծնողների համար կարեւոր է իմանալ, որ պետությունը հոգ կտանի վիրավոր  զինվորներին. եթե նրանց բուժման համար արվի ամեն հնարավորը, ծնողները չեն վախենա երեխաներին բանակ ուղարկել:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված Ավետիս Զարգարյանի հայրը` Հայկազ Զարգարյանը:  

19-ամյա Ավետիսն արդեն երկու ամիս է` պառկած է Կենտրոնական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Երբ նրան նոր էին բերել հիվանդանոց, ոչ ոք չէր հավատում, որ նա ողջ կմնա, ղարաբաղյան Թալիշ գյուղում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Նրա սիրտը եւ թոքերը երկար ժամանակ չէին աշխատում. հիվանդանոցում բժիշկները  մեկ ամսից ավելի նրան պահում էին արհեստական շնչառության սարքով, չհանձնվելով եւ ամեն ինչ անելով, որ փրկեն նրան: Այդ ընթացքում նրանք երկու վիրահատություն են կատարել. հեռացրել են ողնաշարի գնդակը եւ վերականգնել են ձեռքի ոսկորը, որը վնասվել էր դրա մեջ խրված բեկորից:   

Այսօրվա դրությամբ Ավետիսը եւս մեկ վիրահատության կարիք ունի. անհրաժեշտ է վերականգնել գնդակից վնասված ծնոտը, սակայն առայժմ նա չափազանց թույլ է եւ պատրաստ չէ նոր վիրահատության: Նրա վնասված ձեռքն ընդհանուր առմամբ աշխատում է, բայց Ավետիսն առայժմ չի կարողանում մատները շարժել:  Նա շնչում է շնչափողային խողովակով, իսկ   նստել առայժմ չի կարողանում. երբ փորձում են նրան նստեցնել,   նրա ճնշումը վայրկենապես ընկնում է. սիրտը, հոր խոսքով, դեռ չի կարողանում նորմալ կարգավորել արյան շրջանառությունը:

Հայկազ Զարգարյանի խոսքով, հիվանդանոցում բժիշկներն ամեն ինչ անում են իր որդու համար` նույնիսկ այն, ինչ չի մտնում նրանց ուղղակի պարտականությունների մեջ: Եվ հենց նրանց աշխատանքի շնորհիվ է Ավետիսը կարողացել ողջ մնալ: Այս պահին Ավետիսի ծնողների համար ամենակարեւորն այն է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն նրանք առայժմ չեն պատկերացնում, թե հետագայում ինչ կլինի. նրանք կուզեին, որ իրենց որդին, որի ամբողջ կյանքն առջեւում է, հիվանդանոցում բուժումից հետո հնարավորություն ունենա առավելագույնս արդյունավետ վերականգնում անցնել, որը նրան հնարավորություն կտա  նորմալ կյանքի վերադառնալ:   

«Ես ուզում եմ, որ որդիս ապաքինվի: Ես նրան առողջ եմ ուղարկել բանակ եւ ուզում եմ, որ բուժեն նրան: Ես հասկանում եմ, որ հրաշքներ եւ կախարդանք չի լինում, այդ պատճառով ուզում եմ, որ նա գոնե այնքան վերականգնվի, որքան հնարավոր է», - ասել է Հայկազ Զարգարյանը:

Ավետիսի, ինչպես նաեւ մնացած բոլոր վիրավոր տղաների ծնողները կուզեին պետության կողմից աջակցություն եւ հոգատարություն զգալ: Նրանք միջոցներ չունեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն կազմակերպեն վիրավոր տղայի վերականգնումն արտասահմանում, բայց եթե լիներ այնպիսի համակարգ, որի շրջանակում այդ ամենը հնարավոր լիներ կազմակերպել առանց ծնողների խնդրանքի, նրանք իրենց ավելի ապահով կզգային:

Իմիջիայլոց, Ավետիսը կրտսեր եղբայր ունի, որը եկող տարի պետք է բանակ գնա: Եթե պետությունը հոգ չտանի ավագ որդուն եւ չանի ամեն հնարավորը, ի՞նչ սրտով պետք է ծնողները բանակ ուղարկեն երկրորդ որդուն: 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը ապրիլյան պատերազմից հետո որոշում է ընդունել, որ  վիրավոր զինվորների բուժումն արտասահմանում կկազմակերպի, եթե անհնար լինի նրանց բուժումը կազմակերպել հանրապետությունում: Սակայն այդ որոշումը մինչ օրս չի կիրառվել որեւէ զինվորականի նկատմամբ: