Պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը։ Այս մասին հուլիսի 7-ին Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ընդ որում, սոցփաթեթի չափը նույնն է մնում՝ 132 հազար դրամ, կկրճատվեն միայն ծախսելու ուղղությունները։
«Հանգստի բաղադրիչը պետք է կրճատել ժամանակավորապես: Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը մշակել այնպես, որ նվազագույնի հասցնել չարաշահումների առկայությունն այս ոլորտում»,-ասել է նա:
Նա հիշեցրել է, որ գարնանը իր հանձնարարությամբ վարչապետի Վերահսկիչ ծառայությունը ուսումնասիրել է սոցփաթեթի ծախսերը, որից հետո Ֆինանսների նախարարությանն առաջարկել է տուրիստական այցելությունները չներառել պետական ծառայողների աջակցության փաթեթում՝ հայտնաբերված վատնումների պատճառով։ Աբրահամյանը էկոնոմիկայի եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել է մշակել Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որպեսզի նվազագույնի հասցվեն հնարավոր չարաշահումները։





























