Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցներն ամենախիստ պատժին կարժանանան: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է Ստամբուլ ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Բոլորը, ովքեր մասնակից են հեղաշրջման փորձին, ամենախիստ պատիժը կկրեն՝ անկախ այն հանգամանքից, թե որ կառույցներն են ներկայացնում»,- Աթաթուրքի անվան օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը դավաճաններ է կոչել ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին: Նա ընդգծել է, որ Թուրքիայի միասնականության եւ համախմբվածության դեմ ըմբոստանալու փորձ է ձեռնարկվել:

Թուրքիայի նախագահը, միաժամանակ, հայտարարել է, որ հեղաշրջման փորձն ամբողջությամբ ճնշվելու է, եւ որ ինքն ավարտելու է բանակի շարքերում զտումները: Էրդողանը խոստացել է, որ մնալու է ժողովրդի հետ եւ որեւէ տեղ չի մեկնելու՝ փողոց դուրս եկած մարդկանց կոչ անելով կանգնել՝ մինչեւ հեղաշրջման մասնակիցների դեմ լիարժեք հաղթանակը: