Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 5 գեներալներ եւ 29 գնդապետներ հեռացվել է իրենց պաշտոններից: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով անանուն թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:

Նշվում է, որ հեղաշրջման փորձից հետո 754 մարդ է ձերբակալվել, որոնք ներգրավված են եղել հեղաշրջմանը, հաղորդում է Anadolu-ն:

Ըստ այդմ, նշվում է, որ հեղաշրջման կողմնակիցների մոտ դեռեւս կան մի քանի ռազմական ուղղաթիռներ:

Եվս մեկ բարձրաստիճան աղբյուր հայտնել է, որ Թուրքիայի գլխավոր շտաբը ներկայումս վերահսկում են կառավարամետ զորքերը, սակայն հեղաշրջման կողմնակիցների որոշ խմբեր դեռեւս դիմադրություն են ցույց տալիս:

Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: