News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Այսօր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն էր, իսկ քաղաքական ուժերը բարեհաճեցին մեկը մյուսի հետեւից Հանձնաժողով գալ օրվա ավարտին միայն:

Որոշ ուժեր փորձեցին աչքի ընկնել օրիգինալությամբ. Դաշնակցությունը, օրինակ, փաստաթղթերը բերեց առաջինը, իսկ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հոգուն վրա հասավ. ԿԸՀ մտան վերջնաժամկետը լրանալուց 4 րոպե առաջ:

Հանրապետականի ներկայացուցիչները ԿԸՀ էին եկել շոկոլադով եւ կոնյակով, «Ազատ դեմոկրատներ»-ը՝ ծաղկեփնջով:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան՝ ՕՐՕ հապավումով դաշինքի անակնկալն էլ քաղաքական էր. Րաֆֆի Հովհաննիսյանը հանգրվանել է դաշինքի համապետական ցուցակի 11-րդ հորիզոնականում: Մինչդեռ դաշինքից նեղացած Վիկտոր Դալլաքյանի հրապարակած ցուցակում «Ժառանգության» ղեկավարը երկրորդ տեղում էր: Նրա փոխարեն երկրորդ հորիզոնականում հայտնված Արմեն Մարտիրոսյանը պարզաբանել է. ցուցակը կազմվել է երեք կուսակցությունների առաջնորդների միասնական որոշմամբ:

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն:

Նվազագույնը 5%-ի շեմը հաղթարահելու հույսով ընտրապայքարի մեջ են մտնում Հայաստանի կոմունիստները, ընտրություններին մասնակցելու է նաեւ «Հայկական վերածնունդը»:

Խորհրդարանում հայտնվելու համար 7%-ի շեմը ստիպված կլինեն հաղթահարել նաեւ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները: Վերջին դաշինքը, ի դեպ, ձեւավորվեց վերջին պահին: Մինչ մրցակիցները ԿԸՀ էին շտապում, Գագիկ Ծառուկյանը դեռ հուշագիր էր ստորագրում «Ալյանս»-ի եւ «Առաքելության» հետ: Որպեսզի դաշինքով ընտրությունների գնալու նախաձեռնությունն ավելի համոզիչ լինի, այնտեղ ընդգրկել են նաեւ մի քանի ներկայացուցիչների ՀՀՇ-ից եւ «Հայազն»-ից:

Դաշինքի ստեղծման հուշագիրը ստորագրվել է կողմնակի աչքերից հեռու՝ փակ դռների հետեւում, բայց ծափահարություններ, այնուամենայնիվ, հնչեցին. Գագիկ Ծառուկյանին հանդիսավոր ընդունելու համար «Մոսկվա» կինոթատրոնի բակում տեւական ժամանակ շարք էին կանգնել մի խումբ երիտասարդներ եւ էմոցիոնալ կանայք:

Լրագրողների հարցերին Ծառուկյանը պատասխանեց միայն հուշագրի ստորագրումից հետո: ԲՀԿ ղեկավարն այսօր առանձնակի սիրառատ էր՝ լրագրողներին անընդհատ հաճոյախոսություններ էր շռայլում: Նրա ղեկավարած դաշինքի հետ կապված գլխավոր ինտրիգի պատասխանն այսօր, վերջապես, հնչեց. նրա խնամի Հովիկ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում չկա: Իսկ ինչպես է Ծառուկյանը վերաբերվում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ չի ողջունում իր՝ քաղաքականություն վերադարձը: Ծառուկյանն արձագանքեց. մեր երկրի նախագահն է, իր մոտեցումն է, իր որոշումը:

Իսկ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցն իր ոճով սկսեց: Ըստ երեւույթին՝ Վարդան Ղուկասյանն իսկապես հոգնել է: Դաշինքի տարածքային ցուցակով Գյումրիում առաջադրված Ղուկասյանին անակնկալի բերեց լրագրողների պարզ հարցը. ԲՀԿ-ն ընդդիմություն է, թե՞ ոչ:

ՀՀԿ-ից դուրս եկած Վարդան Ղուկասյանի՝ ընդդիմադիր լինելուն չի հավատում նաեւ մամուլը: Նրա համաքաղաքացի Վարդեւան Գրիգորյանին լրագրողները ուղիղ հարց տվեցին. ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն Ղուկասյանին հատուկ ԲՀԿ է գործուղել՝ վերջինի վարկանիշը գցելու համար:

Մայիսի 14-ին Երեւանի ավագանու հերթական ընտրությունները կանցկացվեն: Նոր Սահմանադրության համաձայն՝ հաջորդ ավագանին, որը նաեւ Երեւանի քաղաքապետին կընտրի, կպաշտոնավարի ոչ թե 4, այլ 5 տարի ժամկետով:

Վարչապետի այսօրվա հանձնարարականներից երկուսն ուղղված էր զբոսաշրջության զարգացմանը: Կարեն Կարապետյանը հայտարարել է «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի մասին: Մեր գյուղերն ու քաղաքները պետք է մաքուր պահենք, որ չամաչենք հյուրերի առջեւ:

Զբոսաշրջիկների ներգրավելու համար նաեւ կպարզեցնեն սահմանային անցակետերում օտարերկրյա քաղաքացիներին վիզա տրամադրելիս հարցաթերթիկների լրացման, վիզայի տուրքի գանձնման կարգերը: Ոստիկանապետն ու ֆինանսների նախարարը պետք է ուսումնասիրեն հարցը:

Կառավարության որոշմամբ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են նշանակվել: Խորհրդում ընդգրկվել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով էլ խորհրդի երրորդ անդամ կնշանակվի խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական դիրք տանող ճանապարհին մեքենան ձորն է գլորվել: Բուլդոզերով դիրք տանող ճանապարհ էին մաքրում: Մեքենայում գտնվող պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է: Եվս երկու զինծառայողներ՝ Արմեն Միխայելի Պուխան եւ Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանը, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Քրեական գործ է հարուցվել:

Վիրավոր զինծառայողներից Վրույր Ներսիսյանի վիճակը ծանր է. նա վիրահատվել է: Արմեն Պուխայի վիճակը միջին ծանրության է:

Արարատի մարզի Գոռավան գյուղում դանակահարված տղամարդու դիակ են հայտնաբերել: Տեղեկությունների համաձայն՝ մահացածը գյուղի 72-ամյա բնակիչ Հովհաննես Աղաջանյանն է: Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը։

Երեւանում մահացած 30 օրական երեխան գանգի կոտրվածք է ունեցել. դատաբժշկական փորձաքննության արդյունքն է: Հարազատները, սակայն, պնդում են, որ երեխան տանը վայր չի ընկել: «Շենգավիթ» բուժկենտրոնում, որտեղ հունվարի 10-ին ծնվել էր փոքրիկը, նույնպես բացառել են, որ երեխան կարող էր հիվանդանոցում մարմնական վնասվածք ստանալ:

Դուրս գրվելիս հարազատները փոքրիկի գլխի հետեւի ձախ կողմում նկատել են անհարթություն, սակայն կարեւորություն չեն տվել՝ մտածելով, որ նա 8 օր շարունակ բժիշկների հսկողության ներքո է եղել: Փոքրիկին հետագայում երկու այլ բուժկենտրոն հետազոտության են տարել։ Երեխային վերաբերող բոլոր բժշկական փաստաթղթերն առգրավվել են:

Դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկանում են: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 8 դրամ 51 լումա, ֆունտինը՝ 608 դրամ:

Փետրվարի 17-ին հանրապետության մի շարք մարզերում եւ Արցախում ձյուն է սպասվում, առանձին հատվածներում՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Երեւանում վաղը փոփոխական ամպամածություն է սպասվում, հնարավոր է թույլ ձյուն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -15-17, ցերեկը՝ -4-6 աստիճան ցուրտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ