Հայաստանի  կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կիրականացվեն։  Համակարգում կներդրվեն սպասարկման էլեկտրոնային միջոցներ, մարդիկ հնարավորություն կունենա օն-լայն ռեժիմում իրականացնել սեփականության գրանցում՝ առանց կադաստր այցելելու։

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորեց կադաստրի ղեկավարությանը՝ որքան հնարավոր է շուտ իրականացնել սույն բարեփոխումները, անգամ դրամական օժանդակություն խոստացավ։ Իսկ կադաստրի ղեկավարի խորհրդական Խաժակ Կարայանը լրագրողներին հայտնեց, որ համակարգը կներդրվի 2012 թ. հունվարի 1-ից, քանի որ մինչ այդ հարկավոր է նախապատրաստական լուրջ աշխատանքներ իրականացնել։ Մասնավորապես՝ պետք է փոփոխվի սեփականության գրանցման օրենսդրությունը։ Իսկ կադաստրի պետի տեղակալ Աշոտ Մուսաելյանը խոստացավ, որ սույն փոփոխությունների արդյունքում աշխատակիցների կրճատում տեղի չի ունենա։