Արցախում անցած տարվա հունիսին դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանը կրկին հոսպիտալացվել է:

NEWS.am-ին զինծառայողի մայրը՝ տիկին Արմինեն, հայտնեց, որ որդին բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

«Վիճակի մեջ որեւէ փոփոխություն չկա, այժմ դեղորայքային բուժում է ստանում բժիշկների հսկողությամբ»,- ասաց տիկին Արմինեն:

Նշենք, որ Ալբերտին ծանր վիրավորում հասցնելու գործն արդեն իսկ ուղարկվել է դատարան: Գործը քննվելու է Ստեփանակերտում: Դալլաքյանները տարակուսած են, թե ինչպես են ամեն նիստի համար Երեւանից այնտեղ հասնելու:

«Առաջին նիստի մասին ծանուցումը ես ստացել եմ, երբ նշանակված նիստից արդեն շաբաթներ էին անցել, դրա համար էլ նիստը չէր կայացել: Հիմա փորձում ենք հանրային պաշտպան ներգրավվել, որ գոնե ինքը նիստերին կարողանա մասնակցել: Ես Ալբերտին չեմ կարող թողնել ու ամեն անգամ հասնել Ստեփանակերտ»,- նշեց տիկին Արմինեն:

Ծանր վիրավորում ստացած զինծառայողնի ընտանիքը նաեւ իշխանություններից է վիրավորված. պաշտպանության նախարարին վիրավոր զինծառայողի մայրը նամակ է ուղարկել՝ խնդրելով հանդիպում, սակայն առ այսօր նամակին ոչ ոք արձագանքել. «Զանգում են, լսում խնդրի մասին, անջատում ու մոռանում: Ոչ մի տեսակի օժանդակություն պետությունից չենք ստանում, միայն անհատներն են օգնում: Ոչինչ չեն անում, որ նույնիսկ մեղավորը պատասխանատվության ենթարկվի, որ տղայիս այս վիճակին է հասցրել»:

Նշենք, որ Ալբերտի ընտանիքը Ռուսաստանում էր բնակվում, Ալբերտը հատուկ Հայաստան էր եկել՝ Արցախում ծառայելու համար: Նրա վիրավորվելուց հետո մայրը վերադարձել է Երեւան ու այժմ վարձով են բնակվում:

Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանին վիրավորելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա.Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:

Ալբերտի ծնողները սկզբում չեն իմացել, թե ինչ պայմաններում է նա վիրավորում ստացել, ավելի ուշ են պարզել միայն՝ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Դալլաքյաններն իմացել են, թե անզգույշ կրակոց է եղել, վերջերս էլ զորամասից տեղեկացել են, թե Նահապետյանը «խաղացել է» ուրիշի զենքով եւ այդ ժամանակ կրակել: