Արցախում 2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիճակը կրկին վատացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Ալբերտի մայրը՝ տիկին Արմինեն:

Ալբերտ Դալլաքյանը գլխի պլաստիկ վիրահատության պետք է ենթարկվեր, սակայն վիճակը կտրուկ վատացել է եւ այժմ բժիշկները քննարկում են վիրահատություն կատարել-չկատարելու հարցը:

«Իմ տղան էս մի տարի է՝ տանջվում է հիվանդանոցներում, իսկ Ավագ Նահապետյանը շարունակում է ծառայությունը, կարծես ոչինչ էլ չի եղել, դիրքեր է բարձրանում, կյանքն է վայելում, իսկ իմ երեխան մի տարուց ավելի է՝ հիվանդանոցից տուն չի գալիս»,- նշեց տիկին Արմինեն:

Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանին վիրավորելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա.Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:

«Գործը դատարանում է, ամեն անգամ ես տղայիս թողնում, հասնում եմ Արցախ, իսկ Ավագ Նահապետյանը չի էլ բարեհաճում դիրքերից իջնել ու նիստերին գալ: Էսքան ժամանակ ոչ մի նիստ չի եղել, որովհետեւ չի գալիս»,- նշեց Ալբերտի մայրը: