Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քվեարկությունն այսօր իրարանցում առաջացրեց Ազգային ժողովում։ Աժ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, թե այն սահմանադրական օրենսգիրք է, ինչը նշանակում էր, որ անհրաժեշտ է 63 քվե, իսկ սովորական օրենքի համար ավելի պակաս։ Օրենքն անցկացնելու համար ՀՀԿ–ին պակասում էր մեկ քվե։ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները որոշել էին չմասնակցել քվեարկությանը։

Եւ այդ մեկ ձայնով իշխանությանը փրկեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը կողմ քվեարկելով։ Ավելի ուշ Ազիզյանը հայտարարեց, որ քվեարկությանը չի մասնակցել, իսկ մեզ հետ զրույցում էլ պնդեց, թե «պատահմամբ ձեռքն է կպել»։ «Ելք» խմբակցության անդամները հայտարարեցին, թե իշխանությունը կեղծիքով անցկացրեց խնդրահարույց նախագիծը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ի սկզբանե շփոթմունք է եղել դահլիճում, այն սահմանադրական օրենք չէ։ «Կարծես թե դահլիճում եւս կար շփոթ եւ քննադատություններ էին հնչում, որոնք այդ օրենքով չէին կարգավորվում: Ինչ վերաբերում է`արդյոք դա սահամանադրական օրենք է գործող դատական օրենքում փոփոխություններ կատարելը, իմ կարծիքով` ոչ, սահմանադրական օրենք չէ: Սահմանադրական օրենք է այն կանոնակարգը, որով կարգավորվում է այս ԱԺ-ի աշխատանքը: Սահմանադրական օրենք է նաեւ այն դատական օրենսգիրքը, որը ես այսօր ներկայացնում եմ, բայց ոչ այն փոփոխությունները, որ երեկ ներկայացնում էր իմ օգնականը, դրանք տարբեր են: Այն օրենսգիրքը, որը ես ներկայացնում եմ, անդրադարձ է կատարում սահմանադրությամբ նախատեսված հարցերին»,–հայտարարեց Դավիթ Հարությունյանը։ Իր նշած շփոթը վերաբերում էր Արա Բաբլոյանին։

Ավելի ուշ ԱԺ հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պատասխանատու Արսեն Բաբայանը NEWS.am–ին պարզաբանեց, թե Աժ նախագահը այդ հայտարարությունը արել է՝ հիմնվելով Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահի՝ Հրայր Թովմասյանի տեսակետի վրա։ Ավելի ուշ Հայր Թովմասյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ օրենքը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, ապա շարունակեց. «Գոյություն ունի Սահմանադրության 3–րդ հոդված, որը կարգավորում է օրենքները, օրինակ մեկը 103 հոդվածի 2–րդ մասն է, որը ասում է՝ որոշ օրենքներ՝ Աժ կանոնակարգ օրենքը, Ընտրական օրենքը, Կուսակցությունների մասին օրենքը, Դատական օրենսգիրքը սահմանադրական օրենքներ են։ Կա 209 հոդված, որն ասում է՝ 103–րդ հոդվածի 2–րդ մասը ուժի մեջ է մտնում հրապաարակման պահից։ Այսինքն, որ նրանք սահմանադրական օրենքներ են եւ պետք է ընդունվեն պատգամավորների 3/5–ով, արդեն ուժի մեջ է։ Եւ կա 110–րդ հոդված, որն ասում է՝ սահմանադրական օրենքներըերբ պետք է համապատասխանեցվեն Սահմանադրությանը։ Այսինքն՝ մենք երեք բան հստակ իրարից տարանջատում ենք. առաջինը, որ դրանք սահամանադրական օրենքներ են եւ ոնց պետք է ընդունվեն։ Փոփոխություն կատարելը եւս օրենք է»,–պարզաբանեց Հրայր Թովմասյանը։ Նա նշեց, որ խոսքը Սահմանադրության համապատասխանության մասին չէ, որը ուժի մեջ է մտնելու ապրիլի 9–ից։

«Բայց եթե մնացած փոփոխությունները կարող էինք սովորական ռեժիմով անել, այդ դեպքում, իմ կարծիքով, պետք էր 209–րդ հոդվածով 103–ի 2–րդ մասը ուժի մեջ չմտցնել։ Ուժի մեջ մտցնել ավելի ուշ եւ ասել, որ այս համապատասխանեցվող օրենքներն են սահմանադրական օրենքներ, այլ ոչ թե ասել, որ դրանք սահմանադրական օրենք են, իմ մեկնաբանությունը, իրավունքի իմ ընկալումը էսպիսին է»,–ասաց Հրայր Թովմասյանը։

ԱԺ–ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ քաշքշուկ է եղել

«Ծառուկյան» խմբակցությունում սկզբում որոշել են կողմ քվեարկել խնդրահարույց օրենքին. Ինչո՞ւ է «շփոթվել» Նապոլեոն Ազիզյանը

Այն, ինչ րոպեներ առաջ տեղի ունեցավ ԱԺ-ում, մեզ համար անընդունելի է. Էնֆիաջյանը՝ Ազիզյանի քվեարկության մասին

«Անցի առաջ». խառնաշփոթ ԱԺ-ում. Դատական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեցին մեծ աղմուկով