Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին ներում է շնորհել կալանքի տակ գտնվող երկրի նախկին ղեկավար Ալբերտո Ֆուխիմորիին, հաղորդում է DW-ն: Կուչինսկու գրասենյակը այս որոշումը պայմանավորել է նախկին նախագահի առողջական վիճակով, ով տառապում է ծայրահեղ փուլում գտնվող հիվանդությամբ:
2 օր առաջ 79-ամյա Ֆուխիմորին բանտից տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ նա արյան ցածր ճնշում ունի, ինչը կյանքին վտանգ է ներկայացնում:
Նշենք, որ Կուչինսկուն կոռուպցիոն սկանդալի պատճառով վերջերս էր դժվարությամբ հաջողվել խուսափել իմպիչմենտից: Նախագահին փրկել էր Ֆուխիմորի Կենխոյի որդու գլխավորած ամենամեծ ընդդիմադիր կուսակցության մի շարք պատգամավորների աջակցությունը: Քննադատները կապ են տեսնում այս հանգամանքի եւ Ալբերտո Ֆուխիմորիին ներում շնորհելու մասին որոշման միջեւ, սակայն Կուչինսկու գրասենյակը հերքել է այս մեղադրանքները:
Դիտորդները կարծում են, որ Ֆուխիմորիին ներում շնորհելը Պերույում դժգոհության ալիք կբարձրացնի եւ կարող է հրաժարականների հանգեցնել Կուչինսկու գրասենյակում:
Հիշեցնենք նաեւ, որ Ալբերտո Ֆուխիմորին ղեկավարել է Պերուն 1990-2000 թվականներին: Մարդու իրավունքների խախտման եւ կոռուպցիայի համար նա դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման: Նշանակված ժամկետից Ֆուխիմորին բանտում 12 տարի է անցկացրել:
Պերուում երկրի պատիժ կրող նախկին նախագահին դարձյալ հոսպիտալացրել են
https://news.am/arm/news/428194.html




























