Կորեայի Հանրապետությունը կշարունակի ԱՄՆ-ի հետ սերտորեն համագործակցել Հյուսիսային Կորեայի հետ երկխոսություն հաստատելու ուղիներ որոնման համար, իսկ միջկորեական բանակցությունները նախատեսվում են վարել ապամիջուկացման ջանքերին զուգահեռ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Կան Կյոն Հվան ԱՄՆ գործերի հավատարմատար Մարկ Քնափերի եւ ամերիկյան զինված ուժերի հրամանատար Վինսենթ Բրուքսի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փհենյանի հետ շփումները կլինեն Սեուլի արձագանքը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ամանորյա ուղերձում հնչեցված միջկորեական հարաբերությունների բարելավման ձգտման նշաններին»,-ասել է նա: «Մենք մեր առջեւ շատ աշխատանք ունենք, որը պահանջում է կապ պահպանել»,-ավելացրել է ԱԳ նախարարը:
Նա հիշեցրել է, որ Կորեայի Հանրապետության նախագահը Մուն Չժե Ինը անհրաժեշտ է համարում Հյուսիսային Կորեայի հետ կապեր հաստատելը, Փհենյանի միջուկային ու հրթիռային սպառնալիքների դեմ պայքարի հետ մեկտեղ։
Կիմ Չեն Ընը իր ամանորյա ուղերձում հայտարարել էր, իշխանությունները պատրաստ են մարզիկներ ուղարկել հարավկորեական Փհենչհյանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Ի պատասխան՝ Մուն Չժե Ինը հանձնարարականներ էր տվել կառավարությանը սկսել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների նախապատրաստություններ առաջիկա օլիմպիական խաղերին Հյուսիսային Կորեայի հնարավոր մասնակցության շուրջ, իսկ հարավկորեացի միավորման հարցերով նախարարը Չո Մյոն Կյոն առաջարկել է Փհենյանին հունվարի 9-ին բարձր մակարդակով խորհրդակցություններ անցկացնել այս հարցի շուրջ։




























