Մարտի 25-ի կեսօրին Կեմերովոյում այրվել է «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնը։ Հրդեհը բռնկվել էր շենքի չորրորդ հարկում՝ կինոթատրոնի մերձակայքում, որտեղ այդ պահին բազում երեխաներ են եղել, ցուցադրում էին «Շերլոկ Գնոմս» մուլտֆիլմը։ ԱԻՆ տվյալներով, զոհվել է 64 մարդ, եւս վեցն անհետ կորած են համարվում։
Այրվող շենքում գտնվողների ազգականները արդեն մեկ ժամ անց սկսեցին հավաքվել հարակից դպրոցի մարզասրահում։ Երեկոյան այնտեղ մեծ բազմություն էր, որը ԱԻՆ-ից ինչ-որ տեղեկություն էր սպասում։
Այնտեղ էին Ալեքսանդր եւ Օլգա Լիլեվյալները, «Զիմնայա վիշնյա»-ում հրդեհից զոհվել էին նրանցից երեք երեխաները, երկու դուստրերը 11 տարեկան էին, փոքրը՝ հինգ, գրում է Meduza-ն։ Հայրը պատմում է, թե դուստրերին բերել է կինոթատրոն, տոմս ու պոպկորն գնել, իսկ ինքը նրանց սպասել է առաջին հարկում։ Մեկուկես ժամ անց դստրերից մեկը զանգել է հորն ու ասել, որ սրահում ծուխ է, չեն կարողանում դուրս գալ։ Լիլեվյալները նետվել են օգնության։ «Ես վազում էի աստիճաններով, ինչ-որ մեկը թաց շոր տվեց, որով փակեցի քիթս։ Երբ հասա չորրորդ հարկ, կոտրեցի պատուհանը, որ օդը վեր բարձրանա, եւ ընկա։ Սկսեցի սողալ, սակայն ուժ չէր մնացել, այնպես էի ծխահարվել։ Դուստրս անընդհատ զանգում եւ զանգում էր։ Ես միայն բղավում էի, որ նա փորձի դուրս գալ սրահից, սակայն ոչինչ չկարողացա անել»,- պատմում է նա՝ արցունքն աչքերին։
«Մինչ հրդեհ էր, վեց ժամ կանգնած էինք դրսում, որեւէ մեկը չմոտեցավ։ Առեւտրի կենտրոնը շրջափակված էր ոստիկանների կողմից, որոնք իրենց ագրեսիվ էին պահում։ Որեւէ մեկիս մոտ չէին թողնում, ոչինչ չէին բացատրում։ Մեր երեխաներն այրվում էին, իսկ մենք պարզապես դիտում էինք»,- պատմում է մայրը։
Ալյոնա Զիպունովան պատմում է, թե իր դուստրը՝ 5-րդ դասարանցի Վիկան դասընկերների է հետ է եկել կինոթատրոն՝ գարնանային արձակուրդների սկիզբը տոնելու։
Սկզբում նրանք բոուլինգի գնդեր էին նետում, հետո չմուշկների վրա էին սահում, իսկ հետո գնացին կինոթատրոն՝ նայելու նույն մուլտֆլմը ինչ Լիլլեվյալի երեխաները, բայց ուրիշ դահլիճում: Նրանց սեանսը սկսվեց հդեհից բառացիորեն 15 րոպե առաջ: Բոլոր համադասարանցիները ուսուցչուհու հետ չկարողացան դուրս գալ դահլիճից եւ այրվեցին:
«Իմ աղջիկն այնտեղ ընկերուհու հետ էր: Նրանք որոշեցին գնալ 4-րդ հարկ ավտոմատներով խաղալու համար: Մտան, սկսեցին բարձրանալ, նրանց այնտեղ դիմավորեց հրդեհը, ծուխը, երեխաները սկսեցին վազել: Նրանց պահակները դուրս չէին թողնում», — ասել է Վալենտինա Կլոպենկոն:
«Ես հարցնում էի. «Ո՞վ ձեզ չէր թողնում» նրանք ասում էին. «Պահակները». Ասում էին «Գնացեք ուրիշ աստիճանով՝ մյուս կողմ»: Աղջիկները վազել են մյուս աստիճանով, այնտեղ էլ նրանց դիմավորել են պահակները եւ փակել մուտքը. «Գնացեք ուրիշ աստիճաններով»: Նրանք գնացել են մյուս աստիճանների մոտ, այնտեղ էլ չեն թողել:Երեխաներին ճնշել են, այնտեղ այնպիսի խուճապ է եղել…» — հավելել է նա:
Կեմերովոյի հրդեհը զոհերի թվով հարյուր տարվա ընթացքում չորս խոշորագույններից մեկն է՝ Կրասնոդարի երկրամասում (2007 թվական, 63 զոհ) ծերանոցի, Սամարայի ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Պերմում «Կաղ ձի» ակումբում (2009 թվական, 153 զոհ) հրդեհների հետ միասին:


























