News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանը մինչեւ 25 տոկոսով ավելացրել է ամերիկյան ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։ Խոսքը 128 անուն ապրանքների մասին է, որոնց թվում են՝ սառեցված խոզի միսը, գինին, որոշ մրգեր, փոխանցում է Reuters–ը։

Այն բանից հետո, երբ Պեկինը հայտարարել է սակագների բարձրացման մասին, հայտնի չինական Global Times թերթում հայտնվել է խմբագրական հոդված, որում նշված է, որ ԱՄՆ–ում կարծում են, որ Չինաստանը վրեժ չի լուծի կամ կձեռնարկի ձեւական պատասխան քայլեր։ Չնայած Չինաստանն ու ԱՄՆ–ն հրապարակայնորեն չեն հայտարարել առեւտրային պատերազմի մասին, սակայն պատերազմի կայծերն արդեն երեւում են»,–շված է հոդվածում։

Ավելի վաղ Չինաստանի կոմերցիայի նախարարությունը հայտնել էր, որ Չինաստանն իր շահերը պաշտպանելու եւ վնասի փոխհատուցման համար որոշում է ընդունել ապրիլի 2-ից ԱՄՆ-ից ներմուծվող 128 անուն ապրանքների համար մաքսատուրք սահմանելու մասին՝ որպես Վաշինգթոնի կողմից պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրք սահմանելու հակամիջոց:

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակում կչեղարկի իր ընդունած միջոցառումները, որոնք հակասում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, դա կնպաստի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ համապատասխան ապրանքների վաճառքի վերադարձին նորմալ վիճակին»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԱՄՆ-ի առջեւ իր պարտավորությունների կատարման մասնակի դադարեցումը Չինաստանի, որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամի, իրավունքն է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 23-ին ստորագրել էր «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագիրը, որով թույլ է տրվում Չինաստանից ներմուծվող արտադրանքի վրա սահմանափակումներ կիրառել: Նրա խոսքով դա Չինաստանին կարժենա մոտ 60 մլրդ դոլար: ԱՄՆ-ն, մասնավորապես, 25 տոկոս մաքսատուրք է սահմանել պողպատի եւ 10 տոկոս ալյումինի ներմուծման վրա: Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 23-ին: Թրամփը նշել էր, որ մաքսատուրքերը մտցվում են «Ամերիկայի ազգային անվտանգության պաշտպանության համար»:

Ի պատասխան՝ Պեկինը Վաշինգթոնին կոչ էր արել հնարավորինս արագ չեղարկել այդ մաքսատուրքերը, որոնք վնաս են հասցնում ինչպես մյուս երկրներին, այնպես էլ իրեն՝ ԱՄՆ-ին: Չինաստանի կոմերցիայի նախարարությունը հրապարակել էր ԱՄՆ-ից ներմուծվող 128 անուն ապրանքների ցանկը, որոնց համար ծրագրվում էր 15 եւ 25 տոկսի մաքսատուրք սահմանել, եթե չհաջողվի ԱՄՆ-ի հետ փոխհատուցային համաձայնագրի հասնել: Հաղորդվում էր, որ նախարարությունը մտադիր է մինչեւ մարտի 31-ը քննարկել պատասխան միջոցառումների ընդունումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ