Վենեսուելայի «սեւ» շուկայում դոլարի փոխարժեքը առաջին անգամ գերազանցել է 300 հազար բոլիվարը՝ Պանամայի դեմ ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու իշխանությունների որոշման ֆոնի վրա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Dolar Today կայքին, այժմ 1 դոլարի դիմաց 305 հազար բոլիվար են տալիս: Մարտի վերջի դրությամբ փոխարժեքը 231 հազար էր, իսկ մի քանի օր առաջ՝ 250 հազար բոլիվար:

Վենեսուելայում բարդ տնտեսական վիճակը ամենաբարձր գնաճին հանգեցրեց: Ավելի վաղ նախագահ Նիկոլաս Մադուրոն հունիսի 4-ից նախատեսվող բոլիվարի դենոմինացիայի  մասին էր հայտարարել:

Վենեսուելան որոշել է ապրիլի 6-ից 90 օրով դադարեցնել Պանամայի հետ առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները եւ հրապարակել է 46 իրավաբանական անձից եւ 22 ֆիզիկական անձից կազմված ցուցակ, որոնց հետ վենեսուելական գործակալներին արգելվում է գործ ունենալ Վենեսուելայի ֆինանսական համակարգի պաշտպանության համար:

Մինչ այդ Պանամայի կառավարությունը Մադուրոյին ընդգրկել էր այն անձանց ցուցակում, որոնք կարող են կապ ունենալ փողերի լվացման հետ: