News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կարծում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգ Հայաստանին միանշանակ պետք է:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի ու իմ սիրելի քաղաքացիներ, ժողովուրդ ջան,

Նորից՝ կուտակայինի մասին, մի քանի կարեւոր բան մինչեւ այդ մասին պաշտոնապես հայտարարություն անելը։

Նախ, ձեր տեղեկատվության համար, ասեմ, որ բոլոր այն պրոբլեմներից, որոնք առկա են իմ ղեկավարած նախարարության ոլորտում եւ ծառացած են իմ առջեւ, հավատացնում եմ ձեզ, որ կուտակայինը ամենահեշտ լուծելին է ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ, ով դեմ է պարտադիր համակարգին։ 

Այստեղ հատուկ ուշադրությունն եմ ուզում գրավել իմ շատ սիրելի այն լրագրողների, ովքեր իմ տպավորությամբ շփոթել են, որ կուտակային համակարգն ունի կամավոր եւ պարտադիր բաղադրիչ, եւ համարել են, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենեւին չի նշանակում կողմ լինել պարտադիրին։ Կարելի է, իհարկե, մեկնաբանել եւ անել ենթադրություններ, բայց լավ կլինի դա չվերագրել ինձ։ 

Ինչո՞ւ այդ դեպքում չանել հստակ հայտարարություններ , որոնք տեղիք չեն տա ենթադրությունների... Շատ պարզ պատճառով. հարգելի քաղաքացիներ, որովհետեւ իմ արտահայտած յուրաքանչյուր միտք այլեւս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է, որտեղ աշխատում եմ ոչ միայն ես։ Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը եւ ազդեցության աստիճանը, ինչը որ ունի գործադիր մարմնի անդամի կողմից արված հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո՛, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, եւ անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել։

Հիմա՝ ըստ էության։ 

Նախեւառաջ, մեր պետության շահը ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ։ 

Երկրորդ, կուտակային համակարգ պե՞տք է Հայաստանին. այո՛։ Քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը։ 

Երրորդ, մեր կառավարությունը, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է կառավարվում, կառավարությունն է նաեւ մոտ 200,000 վարձու աշխատողի, որոնք այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), եւ ում գումարները շրջանառվում են՝ գտնվելով պետության պատասխանատվության ներքո։ Սա զուտ տեղեկություն է իմանալու, ինչու չէ, նաեւ մտորելու համար։ 

Չորրորդ, այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից։

Բավարա՞ր է արդյոք, Իմ կարծիքով՝ ոչ։

Հինգերորդ, օրենքի որեւէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի Կառավարության եւ ապա՝ Ազգային Ժողովի կողմից։ Զուտ՝ ի գիտություն։

Այսպիսով, այո՛, կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետեւաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի եւ ցանկալի համակարգ։ Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ։

Նորից հարկ եմ համարում նշել, որ այս հարցի վերաբերյալ արտահայտած ամեն միտք ու բառ գին ունի։ Եվ դա է պատճառը, որ ձեր թույլտվությամբ, զերծ մնամ ժամեր տեւող քննարկումների մանրամասներից, որոնց արդյունքը շուտով պաշտոնապես կհրապարակենք։
Ամենայն հարգանքով եւ միշտ պատրաստակամ յուրաքանչյուր խնդիր լուծող առաջարկի համար՝ Մանե Թանդիլյան»։

Նշենք, որ Մանե Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից էր, որոնք պայքարում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ:

Տպել
Ամենաշատ