News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրն ուսումնասիրելու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ՝ իրավիճակին և մասնագետների կարծիքին ծանոթանալու նպատակով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանը։

Շահեն Խաչատրյանի խոսքով՝  մասնագիտական խմբում ներգրավված են եղել բնապահպանության փոխնախարարը, Երկրաբանության, Ֆիզիկայի և Կենսաբանության ինստիտուտների ներկայացուցիչներ:

«Մենք  փորձագետներին ներկայացրինք բացթողումներն ու խնդիրները, որոնք  առկա են «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաթղթերում: Այս փուլում փորձագետների այցի նպատակը ընդհանուր իրավիճակին ծանոթանալն էր: Ըստ ամենայնի, նրանք առաջիկայում նախատեսում են գալ ամբողջական կազմով և հետազոտություններ սկսել»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ միջազգային փորձագետները հանդիպել են նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչների, այլ մասնագիտական խմբերի հետ, իսկ թե ինչ եզրակացության  են հանգել, իրեն հայտնի չէ:

Մեզ հետ զրույցում Շահեն Խաչատրյանն անդրադարձավ նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հոր՝ Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Թորոսյանի և ԵՊՀ երկրաբանության ամբիոնի դասախոսներ ու բնապահպանների միջև տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ Գևորգ Թորոսյանը Ամուլսարի հարցով քննարկման ընթացքում ու ավելի ուշ՝ սոցցանցում վիրավորել էր բնապահպաններին ու ոլորտի գիտնականներին՝ նրանց որակելով «չկայացած մասնագետների խումբ», «ինքնակոչ փորձագետներ», կիսագրագետներ, որոնց «վարչապետն արդեն նետել է աղբամանը»՝ կասկածի տակ դնելով նրանց իրականացրած հետազոտության որակն ու հայտարարել էր, թե Ամուլսարի հանքը պետք է շահագործվի։

Քննարկմանը մասնակցել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականը, որը սաստել էր առողջապահության նախարարի հորը՝ պահանջելով չխոսել կառավարության անունից:

Շահեն Խաչատրյանն ասաց, որ Գևորգ Թորոսյանի պահվածքի վերաբերյալ նամակ են ուղղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և սպասում են նրա պատասխանին: Երկրաբանը նաև նշեց, որ խիստ կասկածներ ունի «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրված լիցենզիայի օրինականության հարցում և հակված է կարծել, որ Գևորգ Թորոսյանն համագործակցում է այդ ընկերության հետ՝ սպասարկելով նրանց շահը:

«Գևորգ Թորոսյանը խեղաթյուրեց եղելությունը՝ ասելով, թե վիճաբանություն է  տեղի ունեցել մասնագիտական խմբի հանդիպման ընթացքում, իբր, մենք կեղծ տեղեկատվություն ենք ներկայացրել և վիճաբանության արդյունքում իբր ինքը մեզ նեղացրել է: Այդպես չի եղել: Նա նիստից հետո Facebook-ում գրառում է արել՝ վիրավորելով մասնագիտական խմբին: Ինքը բացահայտ հայտարարում է, որ մեր ֆակուլտետում մասնագետներ չկան... Մենք այս պահին փոխվարչապետին գրել ենք, որ այդ մարդը եկել և խոչընդոտում էր մեր աշխատանքները, այնուհետ գնացել և համացանցում վիրավորեց մեզ: Մենք Ավինյանին տեղեկացրեցինք, որ պետական աշխատողը  նման արարք է թույլ տվել, մենք ակնկալում ենք պատասխան: Գևորգ Թորոսյանն այդքան քաջություն չունի, որ ներողություն խնդիր, այդքան տղամարդկություն չունի, բայց ես անպայման կգնամ նրանց գործակալություն և իր երեսին կասեմ ինչ պետքն է»,-ասաց Շահեն Խաչատրյանը հավելելով, որ իրենց համար թեման փակված չէ:

Դիմելով Գևորգ Թորոսյանին՝  Շահեն Խաչատրյանն ասաց. «Չե՞ս ամաչում դու պետական հիմնարկի աշխատող ես, իբր, գիտությունների թեկնածու ես, չես ամաչում նման կերպ ես վերաբերվում այն բուհի դասախոսներին, որտեղ դու սովորել ես: Նա տարիներ առաջ ուզեցել  է համալսարանում դաս տալ, իրեն վռնդել են ուղղակի, ինքը նաև դրա համար է ֆակուլտետի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերում»:

Վերադառնալով Ամուլսարի հանքի շահագործան թեմային՝ երկրաբանն ընդգծեց, որ ինքը դեմ չէ հանքերի շահագործմանը, սակայն այն պետք է իրականացվի օրենքի ու բնապահպանական նորմերի պահպանմամբ.  «Տպավորություն չստեղծվի, որ ես դեմ եմ հանքերի շահագործմանը: Ես երկրաբան եմ, ինչպե՞ս կարող եմ պնդել, որ հանքերը չպետք է աշխատեն: Ես դեմ եմ հանքահենությանը: Ես դեմ եմ շրջակա միջավայրի  փչացմանը, եթե այդ հանքի պետք է  աշխատի և այնպիսի վնասներ բերի, որ տարիներ հետո էլ մենք չկարողանանք այդ վնասները ազգովի վերականգնել, նման հանք մեզ պետք չէ»:

Տպել
Partner news