News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, եթե անգամ ընդունվեն ԱԺ–ում, առանց ՀՀԿ–ի դրական կարծիքի քաղաքական կենսենսուս չի լինելու եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահի լրջագույն դիտողությունը բարեփոխումների հետ կապված՝ «դամոկլյան սրի» պես կախվելու է հայկական ժողովրդավարության վրա։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա ասաց, որ կուսակցությունը միասնական որոշում չունի Ընտրական փոփոխությունների փաթեթի քվերակության վերաբերյալ, բայց առաջիկա օրերին մտադիր են քննարկել  այս հարցը։

Եթե անգամ ՀՀԿ–ն դեմ քվեարկի, ԱԺ–ում կան բավարար ձայներ սահմանադրական օրենքն ընդունվելու համար՝ նկատեց Արմեն Աշոտյանը։ Բայց առանց ՀՀԿ–ի կողմ քվեի ընդունվելու դեպքում ընտրական բարեփոխումը, նրա խոսքով,  լինելու է բացառապես մեխանիկական։

Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնական հայտարարության հիմնական մտահոգությունը, Աշոտյանի խոսքով, իրենք պարբերաբար բարձրաձայնել են՝ ընտրություններից 2 ամիս առաջ էական փոփոխություններ անել օրենսգրքում անթույլատրելի է։

«Մենք նախազգուշացնում էինք իշխանություններին, որ դա միջազգային պարտավորություններին, եվրոպական ժողովրդավարության սկզբունքներին հակասում է։ Փաստացի, Վենետիկի հանձնաժողովի նախագահի այսօրվա պաշտոնական հայտարարությունը վերահաստատեց այդ կարեւորագույն մտահոգությունները»,–ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանի գնահատմամբ՝ շատ վատ է, որ երկրի ներսում ընդդիմության ձայնը չեն լսում եւ ստիպված են գնալ, հասնել Վենետիկ, որ նույն բանը լսեն. «Կարծում եմ, կարելի է ականջ դնել Հայաստանում կոնստրուկտիվ քննադատությանը, որպեսզի չհասնեն Վենետիկ, փորձեն «սղցնել» հարցը, այն դեպքում, երբ գործ ունեն եվրոպական ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտներից մեկի հետ»։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ սա ակնհայտ ապացուցում է, որ կառավարության ծրագրում դրված՝ ընտրական լայնամասշտաբ բարեփոխումների կոնցեպտը եւ հապճեպ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կառավարության որոշումը լրջագույն կոնֆլիկտի մեջ են իրար հետ։

«Նախագծի մշակման ողջ գործընթացը, նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահի այսօրվա հայտարարությունը վկայում են այն մասին, որ ժողովրդավարության տեսակետից կամ ընտրակարգի փոփոխություն պետք է անել հետաձգված ընտրություններով, կամ պետք է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին մոռանալ եւ գնալ հապճեպ խորհրդարանական ընտրությունների»,–ասաց Արմեն Աշոտյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոյի Հայտարարության մասին, որով վերահաստատվում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում ընտրական համակարգի էական փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպիսիք են՝ տարածքային ցուցակների վերացումը եւ նշում է, որ այդ վերապահումները կարող են պակաս կարևոր լինել, եթե փոփոխություների մասով քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս:

 

Տպել
Ամենաշատ