News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չարենցավանի N 3 հիմնական դպրոցի շուրջ ստեղծված աղմուկը դեռ չի հանդարտվել. Նախօրեին Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի երեք տասնյակից ավելի ծնողներ կրկին ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի: Իրենց բողոքն արտահայտելու համար ծնողները գնացել էին Կոտայքի մարզպետարան, որտեղ նրանց ընդունել է փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը:

NEWS.am-ի հետ զրույցում հավաքված ծնողները պատմեցին, որ նոյեմբերի 9-ին դպրոցում կայացած տնօրենի ընտրություննների արդյունքները եղել են խախտումներով. «Նոյեմբերի 9-ին մեր դպրոցում կայացան ընտրություններ ու մեր տնօրենը չընտրվեց: Տնօրեն, ով 2006թ-ից է ղեկավարում դպրոցը: Նա այդ տարիների ընթացքում մեր դպրոցը միայն ու միայն դեպի զարգացում է տարել: Մեր դպրոցում երբեք չի եղել դրամահավաքություն, կաշառակերություն, դպրոցը ծաղկել է այս տարիների ընթացքում: Մենք վրդովված ենք, քանի որ կարծում ենք ու վստահ ենք, որ ընտրությունը խախտումներով է եղել: Խորհրդի մի քանի անդամներ ուղղորդված են եղել մյուս թեկնածուի կողմից: Եթե մենք վստահ լինեինք, որ անաչառ է եղել ընտրությունը, մենք մեր բողոքի ձայնը չէինք բարձրացնի»,-նշեցին ծնողները՝ հայտնելով, որ ընտրության արդյունքներն իմանալուց հետո բողոքի ակցիա են կազմակերեւպել դպրոցի բակում, որին մասնակցել են նաեւ համայնքի բնակիչները:

Նշենք, որ ակցիայից հետո իրավիճակին ծանոթանալու նպատակով Կոտայքի մարզպետն իր մոտ էր կանչել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանին, լսել թե նրան, թե ծնողներին եւ աշակերտներին հուզող հարցերը: Զերծ մնալով որեւէ մեկնաբանությունից՝ մարզպետը հորդորել էր բողոքարկել ընտրության արդյունքները օրենքով սահմանված կարգով՝ լիազոր մարմնին՝ ԿԳՆ:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Լուսինե Կարապետյանը բողոքարկել է ընտրությունների արդյունքները: Բողոքարկումից հետո ըստ կարգի, 5-օրյա ժամկետում կազմվում է հանձնաժողով, որն էլ յոթօրյա ժամկետում պիտի քննի ընտրության արդյունքները եւ տա եզրակացություն: Հանձնաժողովի կազմում պիտի ընդգրկվեն ներկայացուցիչներ մարզպետարանից, ԿԳՆ-ից եւ համայնքից:

Դպրոցի ծնողները մտածել են, թե բողոքարկում չի լինելու, այդ պատճառով հասել էին մարզպետարան. «Մենք մեր տնօրենին շատ վաղուց ենք ճանաչում: Մենք կսպասենք մինչեւ դեկտեմբերի 4-5-ը, հանձնաժողովն իր աշխատանքը ավարտի դպրոցում, տա եզրակացություն, իսկ խնդիրը կլուծվի, եթե նոր խորհուրդ կազմվի՝ նոր ծնողկոմիտե ընտրվի ու նոր ընտրություններ լինեն՝ անաչառ եւ մաքուր: Այդ պարագայում ինչ արդյունքներ էլ լինեն, մենք պատրաստ ենք ընդունել, բայց քանի որ համոզված ենք, որ անաչառ չի եղել ընտրությունը, այդ պատճառով ենք մեր ձայնը նորից բարձրացնում»,-ասացին ծնողները:

Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաեւ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի հետ, ով ընդունել էր ակցիայի մասնակից ծնողներից մի քանիսին. «Ծնողները որոշակի մտավախություններ ունեին՝ բողոքարկման ընթացքի հետ կապված: Իրենց որոշակի լուրեր էին հասել, որ բողոքարկումը չի լինելու: Ասեմ, որ տնօրենը գնացել էր իրավական ճանապարհով եւ բողոքարկել էր ընտրության արդյունքները: Դրա հետ կապված՝ նախարարությունը համապատասխան հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում է կայացրել եւ հիմա թեկնածուների ներկայացման փուլում ենք, որից հետո հանձնաժողովը կձեւավորվի եւ ձեւավորումից հետո 7-օրյա ժամկետում կտա եզրակացություն՝ ընտրությունը չեղարկելու կամ ուժի մեջ թողնելու վերաբերյալ»,-ասաց փոխմարզպետը՝ հայտնելով, որ կա տնօրենի ընտրության կարգ՝ հաստատված կառավարության որոշմամբ, որը հստակ սահմանում է խորհրդի լիազորությունները եւ ընտրության անցկացման հստակ ընթացակարգ ունի:

Հանձնաժողովը պետք է քննի փաստացի տեղի ունեցած ընտրության համապատասխանությունը այդ կարգին, այսինքն՝ պահպանվե՞լ են արդյոք այդ կարգով սահմանված նորմերը ընտրության ընթացքում, թե՞ ոչ: Եթե արձանագրվեն խախտումներ ընտրության ընթացքում, ապա հանձնաժողովը պետք է չեղարկի ընտրության արդյունքները եւ նշանակի նոր ընտրություն, իսկ եթե ամեն ինչ առանց խախտումների է եղել, խորհրդի որոշումը կմնա անփոփոխ:

Չարենցավանի N 3 հիմնական դպրոցում այս պահին շարունակում է պաշտոնավարել Լուսինե Կարապետյանը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով, ոչ թե խախտումը եղել է ընթացակարգի մասով, այլ կողմնորոշում է եղել. «Դպրոցի խորհրդի անդամները նախօրոք կողմնորոշված են եղել եւ ընտրության արդյունքն անաչառ չի եղել, իսկ կողմնորոշումը եղել է մյուս թեկնածուի եւ խորհրդի որոշ անդամների կողմից: Ես դա եմ բողոքարկել»:

NEWS.am-ը զրուցել է նաեւ Չարենցավանի N 3 հիմնական դպրոցի տնօրեն ընտրված Աննա Բալյանի հետ, ով այս պահին աշխատում է Չարենցավանի ավագ դպրոցում: Վերջինս հայտնեց, որ մասնակցել է տնօրենի հավաստագրման համար վերապատրաստման դասընթացի, հետո մասնակցել է տնօրենի թափուր տեղի համար մրցույթին ու հաղթել 5-3 արդյունքով. «Մինչեւ հիմա իմ իրավունքները ոտնահարված չեն, ես եմ հաղթողը, եթե իմ իրավունքները ոտնահարվեն, ես կդիմեմ համապատասխան մարմիններին, կբողոքարկեմ դատական կարգով: Իմ կարծիքով, ուղղորդումը եղել է տնօրենի կողմից, որի մասին խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ մարզպետին այդ տեղեկատվությունը տրվել է»,-պատասխանեց Աննա Բալյանը:

Այս պահին դպրոցի շուրջ ծավալված իրադարձություների բոլոր կողմերի մասնակիցները սպասում են հանձնաժողովի աշխատանքների ավարտին:

Տպել
Ամենաշատ