News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի արդեն նախկին ղեկավար Հայկ Այվազյանը իր պաշտոնանկության պատճառը համարում է ներքին խառնակչությունը՝ խեղաթյուրված ինֆորմացիայի տեղ հասցնելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, սակայն, որ չի ցանկանում անուններ տալ։

«Չեմ ուզում անուններ տալ, բայց խառնակչությունն ինքնին շատ վատ երեւույթ է, այսինքն՝ խեղաթյուրված ինֆորմացիայի տեղ հասցնելը։ Ամեն դեպքում ես փորձել եմ կոնտակտներ կառուցել, բայց չի ստացվել, այսինքն՝ այլ մարդիկ են եղել, այլ նպատակներով»,- ասաց նա։

Մամուլի այն տեղեկությունը, թե պաշտոնանկության պատճառը եղել է չկատարված հանձնարարականը, Հայկ Այվազյանը չհաստատեց․ «Հանձնարարականի մասին գրվեց, բայց ինձ համար մինչեւ հիմա շատ զարմանալի է՝ որտեղից է այդ ինֆորմացիան դուրս եկել։ Հանձնարարականի միջադեպը հնարավոր է ազդած լինի շատ պուճուր տոկոս։ Պետք չէ սեւեռվել, որ հանձնարարական է եղել, այդ հանձնարարականը չի կատարվել, դրա արդյունքում է եղել։ Այդպես չէ, եթե այդպես է, դա բավականին ծիծաղելի է, դրա համար չեմ ուզում կենտրոնանանք այդ հանձնարարականի վրա»։

Հանձնարարականի բովանդակությունը եւս նա չցանկացավ հրապարակել, միայն ներկայացրեց, թե ինչպես են պատասխանել դրան․«Հանձնարարական է եղել, որը մեզ չի վերաբերել։ Մենք չենք եղել դրա հասցեատերը, հանգիստ պատասխանել ենք, որ մենք չենք, կարծում ենք, որ այս ստորաբաժանումը պիտի անի, բայց ամեն դեպքում՝ պատրաստ ենք օգնել, ինչով որ կարող ենք։ Բայց սա չմեկնաբանվի, որ մենք պեդանտ ենք ու բացառապես մեր կանոնադրական լիազորությունների շրջանակում ենք։ Շատ կարճ որ ասեմ, հանձնարարկանը տեղին չի եղել ու գրագետ չի եղել, ճիշտ ուղղությամբ չի եղել, մենք շատ նրբանկատորեն պատասխանել ենք դրան»։

Մամուլը նաեւ գրել էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ հակասություներ են եղել։ Հայկ Այվազյանը ճշտեց՝ ոչ թե հակասություն, այլ կարծիքների բախում․ «Կարծիքների բախում, այո, միշտ եղել է։ Ես կարեւոր եմ համարել կարծիք ունենալու պարագայում միշտ դրա մասին հայտնելը, բարձրաձայնելը, քանի որ ցանկացած համակարգի պարագայում երբ որ չես խոսում խնդիրների մասին, այդ խնդիրները ավելի են մեծանում, ու համակարգը վարի են տալիս։ Գուցե ինչ-որ մեկի անձնական շահի կպել եմ, չգիտեմ, ես ամեն դեպքում անձնական շահ չեմ ունեցել ոչ մի հարցի լուծման մեջ»։

Ըստ Այվազյանի՝ առհասարակ ներքին փոխահարաբերությունները սխալ պատկերացումների վրա են կառուցված․ «Մի մեծ պրոբլեմ կա, որ ընդհանուր գծերով կասեմ, չեմ մանրմասնի։ Իմ ընկալմամբ՝ կան շատ սխալ պատկերացումներ վերադասության, հանձնարարականներ իջեցնելու, շփման ֆորմատի եւ այլնի վերաբերյալ առհասարակ, ինչպես նաեւ՝ կառավարման համար անհրաժեշտ գիտելիքների, կոլեկտիվի հետ աշխատանքի»։

Նրա խոսքով՝ գիտակցված չէ նաեւ ոլորտի լրջությունը․ «Տեսնում եմ գործընթաց, որ պարզապես հետաքրքիր չէ այդ ոլորտը կամ դրա լրջությունը չեն ընկալում, եւ զուտ ներքին պայքար կա, որ այս կառուցված համակարգը վերացվի, որովհետեւ դա որոշակի մարդկանց անձնական շահերից չի բխում։ Անձնական շահ, նկատի ունեմ՝ գերատեսչական շահ կամ ոլորտային շահեր, իրենք մտածում են, որ ավելի ուժեղ կլինեն, եթե տեսչություն ունենան, եւ ամեն ինչ անում են խեղաթյուրելու համար այս նոր համակարգը»։

Հայկ Այվազյանը չի պատրաստվում դիմել դատարան` վիճարկելու իր պաշտոնանակության որոշումը, բայց քանի որ ինչպես նշեց՝ իրեն որեւէ դժգոհություն չի ներկայացվել, պահանջելու է պարզաբանումներ, թե ինչու է ազատվել աշխատանքից։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից հայտնեցին, որ Հայկ Այվազյանի ազատման հիմքը նշված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: «Հայկ Այվազյանի հետ անձնական բնույթի որեւէ տարաձայնություն չի եղել»,- ասված է պատասխանում:

Ավելի վաղ NEWS.am հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Այվազյանն ազատվել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

Տպել
Ամենաշատ