News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրուցելոզի խնդիրը միշտ կա, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացնում է լաբորատոր հետազոտություններ տարին 2 անգամ՝ գարնանը եւ աշնանը, հիվանդ կենդանիներին սպանդի ենք ենթարկում, հաջորդ ուսումնասիրությունը կլինի աշնանը՝ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեսչական մարմնի ղեկավար Գերոգի Ավետիսյանը՝ արձագանքելով ֆերմեր Տիգան Եղոյանի այն հայտարարությանը, թե շուկայում բրուցելոզով հիվանդ միս է վաճառվում։

«Եթե ամեն ֆերմեր դուրս գա եւ այդպիսի տեքստ ասի, մենք մեր ամբողջ գործառույթները թողած պետք է զբաղվենք այդ ֆերմերների կամ լրատվամիջոցների հարցերին պատասխանելով։ Հայաստանում 350 հազար տնտեսություն կա, ամեն մեկն ամեն առավոտ կարող է արթնանալ եւ այդպիսի հիմարություն խոսի, մենք պետք է ընկնենք դրա՞ հետեւից։ Բրուցելոզ հիվանդությամբ կենդանիները ենթակա են սանիտարական սպանդի, օրգանները ենթակա են ոչնչացման, մսեղիքը ենթակա է օգտագործման ջերմային մշակումից հետո»,–նշեց նա։

Նա պնդեց՝ բրուցելոզ միշտ լինում է. «Ո՞վ կարող է ասել շուկայում բրուցիլոզով հիվանդ միս վաճառվում է, թե չէ։ Մեր մարզային ղեկավարի հետ խոսել եմ՝ հասկանալու համար՝ որն է իմաստը այս հայտարարության։ Բրուցելոզ միշտ լինում է, ինչ է նշանակում ահազանգ, մենք ենք վերահսկում, մենք ենք իրականացնում լաբորատոր հետազոտություններ տարին 2 անգամ՝ գարնանը եւ աշնանը, հիվանդ կենդանիներին սպանդի ենք ենթարկում, հաջորդ ուսումնասիրությունը կլինի աշնանը՝ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին»։ 

Հարցին՝ հնարավո՞ր է այս ահազանգից հետո ամեն դեպքում նոր ուսումնասիրություն իրականացվի ՍԱՏՄ–ի կողմից, նա արձագանքեց.  «Ինչի՞ համար, եթե ամեն ֆերմեր վերկենա, հայտարարություն անի, գնանք սրա–նրա հետեւից, մենք ոչ մի արդյունքի չենք հասնի»։

Գեորգի Ավետիսյանի խոսքով՝ բրուցելոզի խնդիրը միշտ կա. «Տարեկան մեր գլխաքանակի 2-3 տոկոսը սպանդի է ենթարկվում։ Բրուցելոզը այն հիվանդությունը չէ, որի մասին որեւէ մեկը չի խոսում։ Տվյալ տնտեսվարողն առաջինը չէ, որ դրա մասին խոսում է։ Բրուցելոզի խնդիրը եթե չլիներ, պետական ծրագիր չէր լինի, որով լաբորատոր հետազոտություն, հայտնաբերում եւ սանիտարական սպանդ»։

Գեորգի Ավետիսյանը նաեւ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թեեւ Վայոց Ձորի մարզում բրուցելոզի տարածման վերաբերյալ ֆերմերի Տիգրան Եղոյանի հայտարարությունները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել են որպես ահազանգ, եւ այժմ ուսումնասիրություններ են արվում, սակայն ներկայացնում եմ որոշ պարզաբանումները դրանցից մի քանիսի վերաբերյալ: Այսպես՝

1. Հայաստանում անասնաբուժական թուրքական դեղեր չեն վաճառվում:

2. Վիետնամից խոզի միս չի ներմուծվում:

3. 50% վարակվածություն երբեւէ չի եղել, վերահսկողության խստացումից հետո էլ այդ թիվը 5% չի գերազանցում:

2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի (222546-ը 2318-ը): Տարվա վերջին կունենանք ավելի ամբողջական պատկեր:

4. Եղեգնաձորում կենդանու արյան փորձաքննության չի արվում:

5. Չնայած ֆերմերի ասածների մեծ մասի արժանահավատությունը խիստ կասկածելի է, այնուամենայնիվ «Ծանոթ մսավաճառի» մասին ասվածը դիտարկում ենք որպես ահազանգ։

6. Սատկած ձիու մսի մասով նույնպես ֆերմերը հստակեցնելու խնդիր ունի: Մենք նաեւ հարցում կանենք բոլոր մսամթերք արտադրողներին: Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենան մեր հարցմանը եւ չեն դիտարկի որպես վիրավորանք:

7. Այս պահին հանրապետության ողջ տարածքում իրականացվում է մսի շուկայի վերահսկողություն (Գյումրի, Արթիկ, Կապան, Մեղրի), եւ այդ խնդրին տրվում է համակարգային լուծում:

8. Օգոստոսի մեկից հանրային սննդի օբյեկտներում, իսկ հունվարի 15-ից ամբողջ շուկայում վաճառվելու է բացառապես սպանդանոցային ծագման միս, ինչը հնարավորություն կտա վերահսկել թե մսի անվտանգությունը, թե սպանդի, պահպանման, տեղափոխման եւ այլ պայմաններ:

9. Մամուլի համար հաղորադագրություն կհրապարակենք մեր կողմից այս պահին իրականացվող ուսումնասիրության եւ պետական վերահսկողության միջոցառումների ավարտից հետո»:

Տպել
Ամենաշատ