News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր մարդ այս կյանքում կոչում ունի, իսկ կնոջ համար դա, առաջին հերթին, մայրությունն է: Սակայն եթե կինը ճակատագրի բերումով, չի կարողանում երեխա ծննդաբերել, դա բոլորովին չի նշանակում, որ նա զրկված է մայր լինելու հնարավորությունից:

Ամուսնու հետ ապրելով 6 ամիս եւ չհասցնելով մայրանալ, 41 տարեկան հասակում Լարիս Հովսեփյանը (մասնագիտությամբ ռեժիսոր-վավերագիր) որոշել է երեխա որդեգրել: Ամուսնու մահից հետո Լարիսան երդվել է այլեւես չամուսնանալ եւ պահել է խոստումը, սակայն որոշել է ցանկացած գնով մայր դառնալ: «Ես չգիտեմ, թե ճի՞շտ  եմ վարվել, թե` ոչ, որոշելով չամուսնանալ: Այսպես, թե այնպես, ես գիտեմ, որ վերցրել եմ իմ երեխաներին»,- ասում է արդեն 70-ամյա Լարիսան եւ բազմիմաստ ժպտում:

Հայաստանում խորհրդային տարիներին երեխաներին չէին լքում, ուստի երեխա որդեգրելու համար Լարիսան մեկնել է Լիտվա, որտեղ կապեր ու ընկերներ ուներ: «Մանկատուն ես հասա այն պահին, երբ մի կին ձեւակերպում էր իր 10-ամյա երեխայից հրաժարվելու փաստաթղթերը: Իմ առաջնեկը դարձավ Հայրապետը, ում իսկական անունը Կոլյա Մուխին էր, ազգությամբ ռուս` Վորոնեժից: Ես ձեւակերպեցի փաստաթղթերը եւ որդեգրեցի նրան, անվանեցի Հայրապետ իմ հոր անունով»,- պատմում է Լարիսան:

Թեեւ նրա որդեգրած երեխաների մեծ մասն ազգությամբ հայեր չեն, բայց Լարիսան նրանց բոլորին հայկական անուններ է տվել: «Մինչեւ 1989 թվականը երեխաներին անուններ էր տալիս մայրս, իսկ նրա մահից հետո ես սկսեցի անուններ տալ: բոլոր երեխաներս Հովսեփյաններ են եւ բոլորն էլ հայ են»,- ասում է Լարիսան ու հավելում, որ իր որդեգրած երեխաներից ամենակրտսերը 8 տարեկան է:

Հովսեփյանների մեծ հայկական ընտանիքում ապրում է ռուս, լիտվացի, ուկրաինացի, բելառուս, եթովպացի, հայ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ: Ավագ երեխաներն արդեն հասուն մարդիկ են դարձել, սեփական ընտանիքները կազմել, սակայն կապը պահում են: Հենց այս ընտանիքում է մեծացել հայկական առաջին ռեփ-խմբի անդամ սեւամորթ Հրանտ Հովսեփյանը:

Առաջին որդուն Լարիսան որդեգրել է 1982 թվականին: Այս պահին որդեգրած երեխաների թիվը 18 է, որոնց թվում կան նաեւ հայեր: Նրա որդիներց երկուսն այս պահին ծառայում են հայկական բանակում: Հատկանշական է, որ երեխաներից ոչ մեկը ցանկություն չի ունեցել փնտրել իր իսկական ծնողներին: «Մեր մայրը նա է, ով մեզ մեծացրել է»,- ասում են նրանք:

Լարիսայի երեխաների շարքում կան նաեւ երեխաներ Հայաստանի «էլիտար» հասարակությունից` հայտնի մարդկանց անօրինական կապերից ծնված երեխաներ, որոնց անունները Լարիսան նախընտրում է գաղտնի պահել: Նրանց շարքում է նաեւ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի զարմիկը եւ «Էջմիածնի էլիտայի» բարեկամներից մեկը:

«Ուղղակի ցանկալի կլիներ, որպեսզի մարդիկ իմանային, որ մեր «էլիտար» հասարակությունը նույնպես անմեղ չէ եւ շատ հաճախ երեխաներից հրաժարվում են հարազատների ազդեցության տակ»,- ասում է նա:

Թեեւ այդ մեծ ընտանիքում պարտականությունների բաժանում չկա, սակայն, այնուամենայնիվ, մեծերը միշտ հօգ են տանում փոքրերի մասին, իսկ եղբայրները, զուտ հայկական ավանդույթի համաձայն, ճիշտ ուղու վրա են դնում քույրերին. «Նրանք իրար վերաբերվում են ինչպես արյունակից քույր եւ եղբայր: Ես  չեմ հոգնում իրենց ամեն անգամ ասել, որ նրանք քույր ու եղբայր են»:

Կողքից հերթական անգամ հնչած խորհրդից հետո, թե լավ կանեն ամուսնանան իրենց քույրերից մեկի հետ, Հայրապետն ու Անդրանիկը մի օր ասել են  մորը, որ «այ մամ, էս ժողովուրդը լրիվ խելքը գցել ա, ո՞նց կարելի ա ամուսնանալ սեփական քրոջ հետ»:

Ինչ վերաբերում է կենսական դժվարություններին, ապա ընտանիքը չի դժգոհում:  Ինչպես նշել է Լարիսան, «աշխարհում ավելի շատ բարի մարդիկ կան, քան կարելի է պատկերացնել»:

«Երբ մարդն անկեղծ սրտով է ձեռքն առնում որդեգրած երեխային, նա երբեք չի զգում, որ այդ երեխան իր հարազատը չէ: Ես նրանց բոլորին եմ մեծացրել, եւ իմ սիրտը ցավում է նրանցից յուրաքանչյուրի համար»,-այս խոսքերն արտաբերելիս Լարիսայի աչքերում արցունքներ հայտնվեցին: 

Վեց տարի առաջ Լարիսան սկսել է գիրք գրել, որպեսզի մարդկանց մի պարզ ճշմարտություն հայտնի. «Առանց սիրո երեխաներ մի ունեցեք, դուք չեք էլ  պատկերացնում , թե բարոյական ինչ խնդիրների առաջ են այդ երեխաները  կանգնելու: Նրանք ներքուստ շատ խոցված են: «Ընկեցիկ» բառն անգամ կարող է նրանց անբուժելի վերք պատճառել: Այս զազրելի բառը`«ընկեցիկ», նրանց քիչ է մնում սպանի»:

 

Պատրաստեց Մարիա Ասատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ