News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականի դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում մահացած պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի գործով նոր մանրամասներ են բացահայտվել: Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ստացել են փորձաքննությունների եզրակացությունները, առաջիկայում էլ պատրաստվում են մեկնել Արցախ` դիրքերում քննչական գործողության մասնակցելու համար:

«Ստացել ենք փամփուշտների եւ զենքերի պարկուճների վերաբերյալ համապատասխան փորձաքննությունների եզրակացություններ: Ուսումնասիրվել են հագուստները` վիրավորի եւ Արթուրի հագուստների համամասնությամբ հետքերի, որեւիցե մեկի հետքը մյուսի հետ չի համընկել, այսինքն մեկի հետքը չի եղել մյուսի վրա եւ այդպիսով կարելի է եզրահանգել, որ Դավիթ Մելիքբեկյանը եւ Արթուր Աջամյանը միմյանց չեն քաշքշել: Իսկ ինչ վերաբերում է զենքերին, պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված մոտ 90 պարկուճները կրակված են 4 տարբեր զենքերից: Ուսումնասիրվել են այդ զենքերը, պահեստատուփերն են ուսումնասիրվել թվով 7 հատ, որոնց ուսումնասիրմամբ պարզվել է, որ բացակայում է 42 պարկուճ, այսինքն կրակվել է 42 պարկուճ եւ 90 պարկուճների ուսումնասիրմամբ պարզվել է, որ 69-ը կրակվել է վիրավորի գնդացիրից, 8 պարկուճ կրակվել էր դիրքի ավագի ինքնաձիգից, Արթուրի ինքնաձիգից 7-ն էր կրակվել եւ 6-ը մեկ այլ շարքային զինծառայողի ինքնաձիգից: Այսինքն` հստակ կարող ենք ասել, որ դեպքի օրը կրակվել է 4 տարբեր զենքերից եւ այդ ամենը կարող ենք որակել որպես փոխհրաձգություն»,- ասաց Հայարփի Սարգսյանը:

Պատճառների հետ կապված փաստաբանը նշեց, որ դեռեւս նախաքննություն է ընթանում եւ հույս ունի, որ ինչ-որ բան կարող են բացահայտել:

«Գործով մի քանի քննիչ է փոխվել, մի քանի հարցաքննություններ են եղել դիրքում գտնվողների մասնակցությամբ, կարծում եմ՝ այս փորձաքննությունների արդյունքներով 4 զենքերից մյուս երկուսի հետ կապված պետք է հարցաքննել դիրքի ավագին եւ մյուս զինծառայողին որպես կասկածյալ, այլ ոչ թե վկա, քանի որ իրենց զենքերից այդ օրը կրակոց է արձակվել եւ մահ է գրանցվել եւ վիրավոր է եղել»,-ասաց նա:

Նշենք, որ Արթուր Աջամյանի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ, ըստ Հայարփի Սարգսյանի, հերքվում է զինծառայողի ինքնասպանության վարկածը։

«Դատաբժշկական եզրակացությամբ հայտնաբերվել են վնասվածքներ մարմնի վրա։ Եթե նախկինում կար վարկած, թե դրանք կարող են դիակային բծեր լինել, հիմա արդեն հաստատվեց բռնությունը։ Ըստ դատաբժշկի՝ ճակատի վրա արյունազեղում է կոշտ, բութ առարկայով հարվածներ է հասցվել մահից րոպեներ առաջ։ Այսինքն՝ Արթուր Աջամյանին հրազենային վնասվածք հասցնելուց առաջ կիրառվել է բռնություն։ Տարբեր մատերին քերծվածքներ են եղել մահվանից մեկ-երկու օր առաջվա վաղեմության, ուսին՝ հին վնասվածք, ոտքին՝ սալջարդ, որը ստացել է մահվանից հինգ օր առաջ, այսինքն՝ մեկ շաբաթվա վաղեմության վնասվածքների հետ գործ ունենք»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ