Երեւանի մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում ոստիկանի կողմից զինված անձի վրա կրակելու փաստի առիթով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնից նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:
Ֆոտոլրագրողը հայտնեց նաեւ, որ զենքը, որով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հետապնդվող Արման Ենգիբարյանը կրակել էր ոստիկանների ուղղությամբ, առգրավվել է, եւ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային եւ մի շարք փորձաքննություններ: Ինչպես նաեւ նրա դիակի փորձաքննություն է նշանակվել:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, այսօր` հունիսի 14-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծված 30-ամյա Արման Ենգիբարյանը:
Վերջինս կասկածվում էր Երեւան քաղաքի մի քանի թաղամասերում կատարված ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Ընդ որում, նա ամեն անգամ ներկայանում էր որպես ջրմուղի աշխատակից:
Այսօր` հունիսի հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում, նա, ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել էր մուտք գործել Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան՝ անմիջապես զանգել էր ոստիկանություն:
Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել էին ահազանգի հետքերով եւ հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել էր իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել էին հետապնդվողին` կրակելով նրա վրա: Վերջինս վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել էր, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 30-ամյա Արման Ենգիբարյանն է:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի



























