News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ջերմուկի զորամասի մարտական մեկ հենակետից մյուսին անցնելու ճանապարհին ձնաբքի պայմաններում անհետացած զինծառայողներից 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը, որը երեկ մահացել է՝ Արագածավան գյուղից էր, ուներ մեկ տարեկան տղա։

NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետարանից պատմեցին, որ Աղասիի ընտանիքը երկար տարիներ ապրել է Արագածավանում, նա ուներ մեկ եղբայր։

«Ամուսնացել էր ու բազմաբնակարան շենքում բնակարան էր գնել, ապրում էր կնոջ ու մեկ տարեկան տղայի հետ։ Հայրն ու եղբայրն արտագնա աշխատանքի են մեկնել։ Հայրը մոտ մեկ ամիս առաջ էր մեկնել արտագնա աշխատանքի։

Կորոնավիրուսը սկսվեց, ինքը չկարողացավ մեկնել աշխատանքի, որոշեց դառնալ զինվորական»,- պատմեցին գյուղապետարանից:

Գյուղապետարանից ասացին, որ Աղասի Հովհաննիսյանը ծառայում էր Քարվաճառում, պատերազմից հետո Ջերմուկի զորամաս էր տեղափոխվել։

Ձնաբքի պայմաններում անհետացած մյուս զինծառայողը, որը ողջ էր մնացել՝ պայմանագրային 37-ամյա Կարեն Շահնազարյանն է։

NEWS.am-ի հետ զրույցում Շահնազարյանի կինը՝ Ագապին, պատմեց, որ ամուսինը շուրջ 15 տարի ծառայում է Հայոց բանակում. համացանցից է իմացել, որ ամուսինը կորել է:

Կարեն Շահնազարյանի առողջական վիճակի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է նաեւ զինվորական հոսպիտալի պետ Վահան Գեւորգյանի հետ։

Նա նշեց, որ վիճակը միջին ծանրության է, դրական տեղաշարժ կա. «Ոտքերն են ցրտահարված՝ առաջին, երկրորդ աստիճանի»։

Վահան Գեւորգյանի խոսքով՝ անդամահատման հարց չկա։ «Վերակենդանացման բաժանմունքում է, վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ»,- հայտնեց Վահան Գեւորգյանը եւ հավելեց, որ Կարեն Շահնազարյանը գիտակցության է։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

Մարտի 22-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ զինծառայողների հերթափոխը մի քանի օր ուշացել է։ Երկու զինծառայողները ծխախոտ եւ վառելիք բերելու նպատակով դուրս են եկել մարտական դիրքից եւ շարժվել դեպի մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա տեղակայված հենակետ։ Վատ եղանակի պատճառով մնացել են այդտեղ եւ հաջորդ օրը վերադառնալիս հայտնվել ձնաբքի մեջ։

Նշենք, որ 37-ամյա Կարեն Շահնազարյանի որդին՝ Արմեն Պետրոսյանը, մոտ մեկ տարի առաջ փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 3-րդ մասի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ