News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի բյուջեի նախագծով 2022 թվականին նախատեսված գիտության ֆինանսավորման կտրուկ ավելացումը շատ էական քայլ է եւ շատ կարևոր ազդակ հանրությանը, կարծում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, կրիպտոգրաֆեր, Firo ընկերության համահիմնադիր-գիտնական Արամ Ջիվանյանը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով գիտության ֆինանսավորումը Հայաստանում դեռ չի հասել այն ցուցանիշին, որին ձգտում է նախաձեռնությունը՝ ՀՆԱ-ի 1 տոկոսին։

Նշենք, որ 2022 թվականին նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեին հատկացնել 25,51 մլրդ դրամ գումար, որից 22,65 մլրդ դրամը՝ պետբյուջեից, իսկ 2,5 մլրդ դրամը կտրամադրվի ԵՄ աջակցությամբ իրականացվող գրանտային ծրագրի շրջանակում։ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի միջոցով պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններին կուղղվի մոտ 5,23 մլրդ։ 

25,15 մլրդ դրամ գումարը 83,5%-ով ավելին է, քան հատկացվել էր 2021թ․ համար հաստատված բյուջեով (13.7 մլրդ տարեսկզբին), և 60,2%-ով գերազանցում է գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար 2021 թ. հատկացված միջոցների փաստացի ծավալը (15.7 մլրդ փաստացի)։

«Գիտուժ» նախաձեռնությունը իր ակտիվ գործունեությունը սկսել է այս տարվա սկզբին, անմիջապես պատերազմից հետո։ ՏՏ ոլորտի ավելի քան տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ, հասկանալով, որ ստեղծված իրավիճակից երկրի դուրսբերման համար գիտության զարգացումն այլընտրանք չունի, մեկտեղեցին ջանքերն այդ նպատակին հասնելու համար, իրենց շուրջ համախմբելով նաև ավելի քան 700 բիզնես ընկերությունների ներկայացուցիչների։

«Մենք հասկանում էինք, որ մեր անվտանգության և բարեկեցության հարցերը լուծելու համար մեզ պետք է թռիչքային զարգացում, իսկ դա հնարավոր է գիտական և գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ» - ասաց Արամ Ջիվանյանը։

Նշենք, որ «Գիտուժ» նախաձեռնությանը սատարող բիզնեսների մեծ մասը գիտահեն են, և տնօրենները շատ լավ են պատկերացնում գիտության կարևորությունը։

«Իհարկե, թռիչքն ապահովելու համար միայն ֆինանսավորման ավելացումը բավարար չէ։ Գիտության մենեջմենթը բարդ համակարգ է, շատ հարցեր կան, բայց ֆինանսավորումն այնքան անթույլատրելի մակարդակում էր Հայաստանում, որ որևէ քննարկում գիտության զարգացման մասին ուղղակի նոնսենս էր։ Այդ պատճառով «Գիտուժի» հիմնական պահանջն էր, որ արվի մեկ կտրուկ ուժեղ քայլ, 50 տոկոսով ավելացվի գիտության ֆինանսավորումը, որպես մեսիջ գիտական հանրությանը, որ գիտությունն այլևս առաջնահերթություն է անվտանգության հետ միասին», - նշեց Արամ Ջիվանյանը, հավելելով, որ գրանցված հաջողությունը նաև մեծ հասարակական ճնշման, կառավարությանը հասցեագրված ճիշտ ուղերձների արդյունք է։

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2021 թվականին Գիտկոմն իրականացրել է մի շարք կարևորագույն ծրագրեր, որոնց հաջողությունը թույլ տվեց դիմել կառավարությանը ֆինանսավորման նոր ավելացման համար։

Հաջողված ծրագրերի շարքում են կիրառական արդյունքին միտված դրամաշնորհները, երկակի նշանակության հետազոտությունները, գիտական խմբերի ստեղծման և ամպրապնդման ծրագրերը։ Առանձնահատուկ պետք է նշել առաջատար հետազոտությունների ծրագիրը, որն ուղղված է վերջին 10 տարում լավ ակադեմիական հետագիծ ունեցող գիտնականների աջակցմանը։ Սա Գիտկոմի պատմության մեջ աննախադեպ ծրագիր է, որի շրջանակում գիտական խմբի 5 տարվա ֆինանսավորման գումարը կազմում է 156 մլն դրամ (≈$323 000): Նպատակը՝ գիտելիքի տրանսֆերն է, քանի որ խմբում պետք է ընդգրկված լինեն նվազագույնը երկու երիտասարդ գիտնական։

2022 թվականին նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք միտված են սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ PHD և postdoc կրթություն արտերկրում, հայտնի հայ գիտնականների մոտ, ինչպես նաև վերաբնակեցման դրամաշնորհների տրամադրում հայրենիք վերադարձող գիտնականներին։

Ըստ Արթուր Մովսիսյանի, իր մտահոգության հիմնական պատճառը ոչ թե ֆինանսավորման բացարձակ գումարն է, այլ այն հարցը, թե՝ արդյոք մենք չենք ուշացել։ Գիտնականների թիվը Հայաստանում բնական ճանապարհով կրճատվում է ու տեղը չի լրացվում։ Բուհերի գիտական ֆակուլտետների դիմորդների թիվը տարեցտարի նվազում է։

«Այն ինչ անում ենք, կարծում եմ ճիշտ ենք անում, բայց, գուցե, ուշացել ենք։ Ֆինանսական խնդիրները հեշտ լուծելի են, մենք կարող ենք բախվել խնդիրների, որոնք այլևս ֆինանսական չեն», - ասաց նա, հավելելով, որ անհրաժեշտ է նաև խթանել գիտության քարոզչությունն ու հանրայնացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ