News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 35-րդ՝ հոկտեմբերի 31

Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ հանդիպումը տեւել է ավելի քան 6 ժամ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում ասվում էր, որԺնեւում կայացած հանդիպումների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են մի քանի հրատապ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ դադարեցնել քաղաքացիական բնակչության միտումնավոր թիրախավորումը, ակտիվորեն ներգրավվել մարտադաշտում մնացած մարմինների փոխանակման գործընթացին՝ ապահովելով ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին աշխատանքի համար անհրաժեշտ անվտանգության միջոցները, մեկ շաբաթում ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրել ռազմագերիների ցանկերը՝ մուտքի ապահովման եւ փոխանակում իրանակցնելու նպատակով, ներկայացնել գրավոր դիտարկումներ եւ հարցեր՝ կապված հրադադարի հնարավոր վերիֆիկացիոն մեխանիզմների հետ։

Համանախագահները կրկին կողմերին կոչ են արել լիարժեք իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը։

Հադրութ քաղաքի բնակիչ, գերեվարված 85-ամյա Եվգենիա Բաբայանը պատմել է Բաքվում անցկացրած օրերի ընթացքում իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին:ՀՀ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում հայ կինը պատմում է, թե ինչպես են իր տուն ներխուժել 10 ադրբեջանցի զինվորականներ եւ ասել, թե իրեն Բաքու են տանելու. 

«Ես ընդդիմացա, ասացի, որ տարիքով կին եմ, սա իմ տունն է, ուզում եմ այստեղ մնալ, թողեք ինձ իմ տանը, սակայն նրանք  ձեռքերիցս քարշ տալով  նստեցրին իրենց ավտոմեքենան: Ինձ տարել են Բաքու: Ինձ շատ վատ են վերաբերվել, կարծես կենդանու, շան տեղ դրած լինեին»,- պատմում է կինը:

Շարունակելով, Ե.Բաբայանը նշել է, թե ոստիկաններն իրեն ստիպել են, որ  ասի` «Փաշինյանը լավը չէ, ինքն է սարքել այս կռիվը»:

«Իրենք ինձ տեսախցիկներով նկարում էին, հարցեր էին տալիս, ես իրենց ասածով պատասխանում էի: Դրանից հետո ինձ տարան ուրիշ  ոստիկանական կետ, որտեղ երկու հայ կային` մեկը երիտասարդ տղա էր, մյուսը` տարիքով մեծ: Երիտասարդին կապկպել էին` ձեռքերը, ոտքերը, փակել էին աչքերը, գցել էին մի անկյուն եւ հերթով ոտքով հարվածում էին: Տարիքով մեծ հայի ձեռքերը կոտրատված էին», ասել է տարեց կինը եւ ավելացրել, որ երիտասարդ հային գցել են պարկի մեջ, քաշ տալով հասցրել ավտոմեքենան, որով նրան ու ձեռքերը կոտրած հային տարել են անհայտ ուղղությամբ։

«Հետո ինձ ասացին, որ այդ երկու հայերին իրենք մորթել են», ամփոփել է նա։

85-ամյա Եվգենիա Բաբայանին Վրաստանում Հայաստան են տեղափոխել Կարմիր խաչի աշխատակիցները:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ։

«Մի քանի շաբաթ առաջ ես խոսել եմ վարչապետ Փաշինյանի, ինչպես նաեւ նախագահ Էրդողանի հետ՝ պնդելով, որ անհրաժեշտ է առաջ շարժվել խաղաղ ճանապարհով, դեէսակալյացիայի եւ հրադադարի մասին պայմանավորվածությունները հարգելով»,- նշել է նա եւ հիշեցրել, որ Կանադան դադարեցրել է թուրքական ԱԹՍ-ներում օտագործվող պահեստամասերի վաճառքը Թուրքիային։ Թրյուդոյի խոսքով՝ Կանադան շարունակում է դաշնակիցների հետ աշխատել խնդրի դիվանագիտական լուծման ուղղությամբ.

«Մենք շարունակելու ենք լրջորեն զբաղվել այս հարցով մեր ունեցած բոլոր միջոցներով», ասել է նա։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը, եթե հակամարտության գոտում իրավիճակը չբարելավվի:

Ավելի վաղ Խորհուրդը երկու անգամ քննարկել է ԼՂ-ում հակամարտության էսկալացիան փակ ձեւաչափով եւ առանց ՀՀ ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության:

Խանում Խաչատրյանը, որի ամուսինը կամավոր ռազմաճակատ է մեկնել եւ զոհվել, NEWS.am-ին ասել է, որդեմ է զիջումներին.

«Մենք չենք ուզում, որ էդ զոհողությունը գնա ու կորչի։ Մեր պահանջն այն է, որ հող չզիջեն, եթե բանը հասնի մեր գնալուն, մենք պատրաստ ենք դրան։ Մենք չենք ուզում, որ իրենց թափած արյունը կորչի։ Էդ ցավոտ փոխզիջումների մասին լուրը կոտրել է բոլորիս։ Եթե հիմա մենք իրենց զիջենք, 4 տարի հետո էլ Ստեփանակերտը, Մարտակերտը, Շուշին կցանկանան վերցնել, դրանից հետո էլ հերթը Երևանին կհասնի»,– ասել էԽանումը։

Բագրատ Սալամյանի հետ Խանումը երկուսուկես տարի առաջ էր ամուսնացել, երեխաներ չեն հասցրել ունենալ։

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն Ֆեյսբուքում գրել է.

«Սիրելի հայ բարեկամներ, բոլորիդ պես ես նույնպես տագնապով ու ցավով հետևում եմ ադրբեջանական զավթիչի սանձազերծած պատերազմի բոլոր զարգացումներին:  Հիանում եմ հայ ժողովրդի քաջությամբ, լավատեսությամբ ու թշնամու դեմ հաղթանակի հավատով, իսկ հայ ռազմիկների մարտունակությունը, քաջարիությունն ու տոկունությունն ուղղակի հիացնում են ինձ:Անչափ ցավում եմ ու, ճիշտն ասած, ամաչում, որ իմ հայրենիք Ուկրաինայում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս Արցախի գոյամարտին ու հերոսամարտին, առանց հաշվի առնելու, թե ինչ ահռելի վտանգ է կախված Արցախի հայության, խոշոր հաշվով նաև հայ ժողովրդի գլխին:

Ես հավատում եմ Ձեզ և Ձեր հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր:

Աստված Ձեզ հետ»:

Արցախի ՊԲ-իցհայտնել են, որ հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները.

«Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ:ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 ԱԹՍ:

Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերիցթիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյանկոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ չնայած Ժնեւում՝ քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու պայմանավորվածությանը, առավոտյան դարձյալ հրթիռակոծվել է Ստեփանակերտը, թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են.

«Ժնեւի պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Ավերվել է կենտրոնական շուկայի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևան բնակարանները»:

ԱԳՆ-իցհայտնել են, որ Ժնեւում նախարար Մնացականյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներիմիջնորդությամբ ձեռքբերված կայուն հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը, շեշտել վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում:ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ շեշտել էնաեւ Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորելու անթույլատրելիությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանգործընթացի շարունակականությունը։Նույն օրը տեղի է ունեցել ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ֆրանսիայի հայազգի մշակույթի գործիչները դիմել են Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանին, զարմանք հայտնելով Լեռնային Ղարաբաղում ողբերգական իրավիճակի հանդեպ նրա լռության առիթով.

«Ձեր կողմից որեւէ առաջարկ կամ գաղափար չի հնչեցվել, որը ցույց կտար ձեր մտահոգությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական կոալիցիայի ագրեսիայի կապակցությամբ: Դուք երբեք չեք դատապարտել այդ զանգվածային, կոշտ եւ տոտալ ագրեսիան:Մենք դեռ ոչինչ չարժենք Ձեր կոմերցիոն աշխարհընկալումներում, եւ Ձեր «չեզոքությունը» բացարձակ տրամաբանական է:Արցախի եւ Հայաստանի բնակիչները լոկ տարածաշրջանի մաս չեն: Նրանք են տարածաշրջանն արդեն ավելի քան 2000 տարի: Նրանք տարածաշրջանի դարպասներն են, նրա մշտական պահապանները»: Նամակը ստորագրել են դերասան Սիմոն Աբգարյանը, դերասան եւ ռեժիսորՍերժ Ավետիքյանը,ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստՌոբեր Գեդիկյանը:   

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակելեւ գրել.

«Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ, որոնցից մի քանիսը ձեռնաշղթաներով են, իսկ մյուսները՝ մերկ:Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը:Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ են բերում Ղարաբաղ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

ԱԳՆ-ից հայտնել են, որ հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել ՀՀ-ին՝ իր անվտանգության ապահովման համար:

NEWS.am-ը տեսանյութ էր պատրաստել կամավորի հարսանիքի մասին։ Աննանու Ավետիքըավելի վաղ որոշել էին առանց մեծ հանդիսության սեպտեմբերի 27-ին պսակադրվել։ Սկսված պատերազմը հետաձգել է հարսանիքը, սակայն Ավետիքըմեկ օրով վերադարձել է՝ ՆորավանքումպսակադրվելուեւԱստծո օրհնությունը ստանալու համար։ Պսակադրությունիցանմջապեսհետո Ավետիքը մեկնել է դիրքեր։

Արցախի ՊԲ-իցհայտնել են, որ թշնամին կիրառել է քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը  հանդիսանում է միջազգային մի շարք նորմերի կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելուց, նաև խնդիր ունի առաջացնել անտառային հրդեհներ ու ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:ՊԲ-ն շեշտել է, որ նման զենքերի օգտագործումը պատերազմական հանցագործություն է։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի՝ ՌԴ նախագահին ուղղված  նամակի կապակցությամբ։ ՌԴ-ն վերահաստատել է հավատարմությունը «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից բխող ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքի նկատմամբ ագրեսիայի գործողության կամ զինված հարձակման սպառնալիքի առաջացման դեպքում:

«Պայմանագրին համապատասխան՝ Ռուսաստանը Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդականությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»,- նշված էր ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: 

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում ծաղրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին.

«Հաջիեւը արդեն լեզվաբան էլ է դարձել, հասկանում է արաբական ժարգոնները։ Թող շատ չմտահոգվի որպես «հրանոթի միս» հանդիսացող իրենց ահաբեկիչների համար։ Հաջիեւին դեռ որակական եւ քանակական լուրջ անակնկալներ են սպասվում»,-նշել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է վաղ առավոտից Շուշիի և Ստեփանակերտի դեմ հարվածներին:

«Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է»,- նշել է Փաշինյանը։

Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Համալսարանական հիվանդանոցում, շուրջ 10 օրից ավելի մի Հերոս զինվոր ունեինք, որը գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր։ Երեկ, վերջապես Մայրը գտավ իր Որդուն,մոր երջանկությունն անսահման էր, երջանկությունից աչքերը փայլատակում էին՝ իր որդին ողջ է․․․ 2 ժամ հետո Տղան մահացավ․․․Նա 10 օր սպասում էր իր Մորը․․․»:

«Զինուժ Մեդիան» ռեպորտաժ է պատրաստել Երեւանում 30-րդ արցախցի փոքրիկի լույս աշխարհ գալու մասին:Զինծառայող հայրիկը կարողացել է գալ ու անակնկալ մատուցել սիրելի կնոջը՝ րոպե առաջ մարտադաշտ վերադառնալու տրամադրվածությամբ:

«Ես ինքս 1993-ին ծնվել եմ պատերազմում, չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն»,-ասել է նա:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է.

«Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր է ներկայացրել, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար»:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, հետո նաեւ Շուշին է հայտնվել թշնամու հրթիռային կայանքների թիրախում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն: Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել տրամադրել անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք, ապա ավելացրել, որ պետք է քննարկվենկոնկրետ ձեւաչափերը: 

Մամուլը գրեց, որ ՌԴ-ին դիմելու Փաշինյանի որոշումը ոչ միանշանակ է ընդունվել «որոշ հայտնի շրջանակներում»:

«Հայաստանում կա մի խմբավորում, որը միշտ դեմ է եղել ու շարունակում է դեմ լինել Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորվելուն և անգամ անհրաժեշտ պահին նրա օգնությանը դիմելուն։Խոսքը Ջորջ Սորոսի հիմնադրամի գումարներով սնվողների մասին է՝ իրավապաշտպանական կոչվող թևին, հասարակական թևին՝ Լարիսա Մինասյանի գլխավորությանբ, Սաքունց-Բարսեղյան-Խառատյան շրջանակներով։ Չնայած որ հիմա հայրենիքը պետք է անձնականից վեր լիներ։Իսկ ինչո՞ւ են դեմ հայտնի սորոսականներն այս դժվարին պահին, երբ թշնամին ռմբակոծում է նաև Սյունիքը, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքները։ Մեկ պարզ պատճառով՝ Սորոսը Ռուսաստանի ոխերիմ թշնամին է և Թուրքիայի բարեկանը։ Սորոսը այս տարվա գարնանը հոդված էր հրապարակել, որով կոչ էր անում եվրոպական պետություններին աջակցել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարում։ Ու բնականաբար, Սորոսի միջոցներով սնվողները կամ նրանց ծանրակշիռ մասը այս գիծը պետք է պաշտպաներ», մասնավորապես գրել է Yerevan-today-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին ժամերին, երբ թշնամին զանգվածային ռմբակոծության էր ենթարկում Արցախի պաշտպանական բնագծերը, վարչապետ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական (հետագայում, ըստ չհերքված լուրերի, նրա բանագնացը Ադրբեջանի հետ անջատ բանակցություններում) Արսեն Խառատյանը Ֆեյսբուքում գրեց. «Պուտին վ Կարաբախե կապուտ»։

Ադրբեջանական «Գարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժնի ղեկավար ՆուրլանԻբրահիմովը հանդես է եկել հայերի դեմ ուղղված ահաբեկչական հայտարարությամբ.

«Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: Առանց տարբերության, պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք, ոչ մի կարեկցանք: Եթե մենք չսպանենք, ապա նրանք կսպանեն մեզ ու մեր երեխաներին»:

AlArabiya հեռուստաալիքի հետ զրույցումվարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ղարաբաղն ազատագրել» ասելով Ադրբեջանի իշխանությունը նկատի ունի Ղարաբաղն ազատել հայերից, ինչը ցեղասպանության ուղղակի սպառնալիք է:

«Եվ այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար», ասել է նա:

Հարցազրույցի վերջում Փաշինյանն ասել է, թե ինչպես է տեսնում հակամարտության լուծումը.

«Մենք պետք է գտնենք Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ղարաբաղի ժողովրդի համար»:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը` քողարկող ցանցեր պատրաստելու վայր է դարձել:  Կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ տարբեր տարիքի կանայք ու երեխաներ անխոնջ կերպով ցանցեր են պատրաստում, ինչ-որ կերպ Բանակին օժանդակելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան ՄըհըրաբՄուհամադ Ալ Շխայիրը: Նրան գերի էին վերցրել ՊԲ  զինծառայողները։

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, ինչի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ նախագահին ուղղված նամակին եւ դրա պատասխանին:

«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․

«Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»», ասել է Լ.Տեր-Պետրոսյանը։

ՌԴ նախագահին ուղղված Նիկոլ Փաշինյանի նամակը հրապարակված չէ, ԱԳՆ  կայքը նշել է, թե նամակ է ուղարկվել և կարճ ներկայացրել բովանդակությունը։ Yerevan.Today-ի հարցին, թե՝ ինչո՞ւ է ԱԳՆ խողովակով ՀՀ վարչապետը դիմել ՌԴ նախագահին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պատասխանել է․

«Տենց է ճիշտ համարվել, չեմ կարող այլ պատասխան ձեզ տալ»։

Լոս Անջելեսում հայ երիտասարդները նորանոր ակցիաներով են պայքարում Արցախի ճանաչման համար։ Նրանք 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով ԱՄՆ-ի ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։ Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։

Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ նորօրյա  հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում.

«Խմբերի կազմով գրավելով կարեւորբարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր: Ավագ ենթասպա Հովիկ Հայրապետյանն, անձամբ վարելով հակառակորդի կողմից առգրավված զրահափոխադրիչը, հասցրել ու հանձնել է զորամասի հրամանատարությանը:

Փառք ՊԲ-ի քաջարի մարտիկներին, հերոս կամավորականներին ու պահեստազորայիններին: Նրանք են այսօր մարմնավորում մաքառող հայի հավաքական կերպարը եւ նրանք են ամեն օր մեզ մոտեցնում մեր ազգային նպատակների իրագործմանը»:

Գնդապետ Արարատ Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել ՀՕՊ ստորաբաժանումների հստակ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու եւ թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար:Նւժույն մեդալով կպարգեւատրվի փոխգնդապետ Վահրամ Բաղդասարյանը հակառակորդի դեմ մարտերում դրսեւորած անձնական արիության ու խիզախության համար:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր էջում գրառում է արել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին, նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։

«Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»,– նշվել է գրառման մեջ։

Արցախի տեղեկատվական  շտաբը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. խոցվել է 239 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 656 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ, եւ 6947 զինծառայող է սպանվել:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբհանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։ 

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում արձագանքել է առաջին նախագահի գրառմանը՝ ծաղրելով նրան.

«Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ։ Փաշինյանի նամակը Պուտինին գրված է ժամանակակից ռուսերենով։ Դրա մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն ժամանակակից հայերենով։ ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հրապարակման, արձագանքել է ժամանակակից ռուսերենով։Ինչպես տեսնում եք՝ խնդրո առարկա տեքստերը խեթերեն կամ սկյութերեն չեն։ Այնպես որ՝ հայ հանրությունը դրանք հասկանալու համար մեռած լեզուների մասնագետի կարիքը չունի:Իսկ ՀՀ առաջին նախագահը լավ կլինի հրապարակի ԼՂ հարցի կարգավորման իր պատկերացումը, ստեղծված վիճակից ելքի իր առաջարկը»:

Լեւոն Տեր- Պետրոսյանի հայտարարությանն արձագանքել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից եւս մեկ պատգամավոր՝ Ռուբեն Ռուբինյանը.

«Այս պատերազմը մեր ժողովրդի պատմության ամենակարևոր ու որոշիչ դրվագներից է։ Սա նախկինում ունեցած ամբիցիաների դրսևորման, նախկինում հնչեցրած կարծիքների ճշմարտացիության ապացուցման տեղը և պահը չէ։ Սա լրջանալու պահն է։ Հաղթանակ մեզ»։

Կոնկրետ գործչի թիրախավորելու զանգվածային դրսեւորումները, ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի վկայությունների, կոնկրետ հրահանգավորում էր Ն.Փաշինյանը։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտիռմբակոծվածկենտրոնական շուկայից:

«Այս ռմբակոծությունըհետևել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են չթիրախավորել քաղաքացիական կառույցները, սակայն, ինչպես տեսնում եք, նրանք թիրախավորել են քաղաքացիական տարածքը, որը հեռու է որևէ ռազմական կառույցից:Նաեւ մի շարք խանութներ են վնասվել: Բացի այդ, Ադրբեջանը թիրախավորել է Շուշի, Մարտունիի, Մարտակերտի և այլ քաղաքների ու գյուղերի քաղաքացիական կառույցները»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը:

«Զինուժ մեդիայի» ռեպորտաժում նշվում էր, որ պաշտոնական Բաքուն Ջալալ Հարությունյանի մահվան մասին լուրը տարածելուց օրեր անց հերքեց իրեն` հետախուզում հայտարարելով նրա  նկատմամբ: Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել եւ միջազգային հետախուզում հայտարարել Ջալալ Հարությունյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, նրա խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ:

Մեծ Բրիտանիայում հայ համայնքը խաղաղ բողոքի ցույց է անցկացրել Լոնդոնում՝ նավթագազային միջազգային BritishPetroleum ընկերության գրասենյակի դիմաց` պահանջելով դադարեցնել բիզնես կապերն Ադրբեջանի հետ: Մասնակիցները նշել են, որ Ադրբեջանում գրասենյակ ունեցող և ադրբեջանական նավթն արդյունահանող և արտահանող ընկերությունը ֆինանսավորում է Արցախի դեմ պատերազմը:

400 մեքենայից բաղկացած շարասյունը խցանումներ է առաջացրել Ստոկհոլմի հյուսիսն ու հարավը կապող միակ մայրուղում: «Այս կերպ հայերը փորձել են մարդկանց ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատերազմի վրա»,- նշել են շվեդական հեռուստաալիքները:

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Թվիթերի իր միկրոբլոգում Շամպայնը գրել է.

«Խոսել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս Ղարաբաղում կրակի դադարեցմանը, որպեսզի վերջ դրվի մարդկային կորուստներն ու տառապանքներին: Կարևոր առաջնահերթություններից է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծումը: Արտաքին ուժերը պետք է մնան հակամարտությունից դուրս»:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյբսուքում գրել է.

«Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ։ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը»։

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ հրապարակվել են օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ: 

«Պետք է արձանագրել առնվազն հետևյալը.1) կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ,2) այն պարունակում է քիմիական տարրեր,3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ,4)այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ),6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:

Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով:Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երի ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»:

Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ ՊԲ ՀՕՊ ուժերը  Ստեփանակերտի երկնքում ոչնչացրել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:

Քաշաթաղի տարածքային միավորման ֆեյսբուքյան էջում նշվել է, որ Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելովեւ մարտադաշտում թողնելով 50-100 դի.

«Հրետանային կրակով խոցվել է ևս մեկ միավոր զինտեխնիկա։ Ձախ թևում ամրապնդվել են մեր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ։Օրվա ընթացքում թշնամու կողմից հրետակոծվելեն մեր դիրքերը, օգտագործելով հրետանային խոցման տարբեր միջոցներ։ Մեր հրետանու կրակով ճնշվել են բոլոր կրակակետերը։Տող գյուղի մերձակայքում խոցվել է հակառակորդի մեծ կուտակումներ, որոնք պատրաստվում էին հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ։ Ճնշվել է նաև մեկ արձակման կայան, որը կրակ էր վարում մեր բնակավայրերի վրա։Թուրքը Բերձոր ոտք չի դնելու։ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը օրվա ամփոփիչ ճեպազրույցում նշել է, որ ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի ԶՈւ-ն, ահաբեկիչների հետ միասին, ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակումները։ 

Նրա խոսքով՝  մարտերի ինտենսիվությունն այդքան բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ:

«Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ, 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետեւակայինեւ այլ ուժեր, զրահատեխնիկա,  օգտագործելով հրետանի,  ընդ որում միաժամանակ  հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ:Դրան հակառակ հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր եւ ապահովել որոշակի առաջխաղացում:Մարտերը հիմա էլ շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակայինեւզինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր ու զինատեսակներ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝  ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչեւ չլինեն վերֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որոնք մեր զինված ուժերը սեղմ ժամկետներում մշակում են, որեւէ լիարժեք հրադադար լինել չի կարող:

Արծրուն Հովհաննիսյանն ասել է նաեւ, որ ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերն ու հետեւանքներմ այժմ ուսումնասիրվում են, դրանք  կներկայացվեն ամբողջացնելուց հետո

«Կուզենայի փաստել, որ այսօր առավոտյան Ստեփանակերտի ուղղությամբ, օրվա ընթացքում Մարտունիի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են հրետանային եւ հրթիռային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար:Ադրբեջանը ընտրովի, շատ հաճախ գերճշգրիտզինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը: Արցախի սպառազինության մեջ գտնվող հաճախ հին, խորհրդային արտադրության զինատեսակները կարող են ունենալ որոշակի շեղում եւ խիտ բնակեցված քաղաքներում տեղակայված ռազմական, լեգիտիմ  օբյեկտներին խոցելու ժամանակ շեղման պատճառով կարող է տուժել նաեւ խաղաղ բնակչությունը, որի առիթով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնիսկ հայտարարություն տարածեց, եւ Ադրբեջանը կարող էր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար քայլեր ձեռնարկել։ Այսինքն Արցախը որեւէ նպատակ չունի խաղաղ բնակիչներին որեւէ վնաս պատճառելու: Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը կիրառելով գերճշգրիտզինատեսակներ, քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորում՝ Ստեփանակերտի ծննդատուն, հոսպիտալներ, Շուշիի եկեղեցի»,-ասել է նա:

Անդրադառնալով վարձկան ահաբեկիչներին, Արծրուն Հովհաննիսյանն ասել է.

«Իրենց օգտագործման, ինչպես ռուսերեն են ասում որպես «ռասխոդնիմատերիալ», մարտավարությունը, թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել Ադրբեջան հասել, այդ ամենի առնչությամբ բավական հետաքրքիր անակնկալներ են սպասվում ադրբեջանցիներին»:

Ինչ անակնկալներ էին՝ այդպես էլ չպարզվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ