Կառավարության իրականացարած մոնիտորինգը լիցենզավորման գործակալություններում ցույց է տալիս, որ մեծամասամբ կոռուպցիոն ռիսկերը բացակայում են: Այսօր` հուլիսի 7-ին կայացած կառավարության նիստի ընթացքում ներկայացնելով մոնիտորինգի արդյունքները` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դեռեւս խնդիրներ պահպանվում են առողջապահության եւ քաղաքաշինության նախարարություններում: Սակայն, ըստ վարչապետի, նախարարները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ, մասնավորապես` քաղաքաշինության նախարարը աշխատանքից հեռացրել է համապատասխան մարդկանց, եւ այս պահի դրությամբ այնտեղ եւս իրավիճակը բարվոք է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնում հերթեր են գոյանում լիցենզիաների վերաձեւակերպման համար, դիմորդներից շատերը տեղյակ չեն իրենց իրավունքներից: Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը NEWS.am-ին հայտնեց, որ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի վերակազմավորման հետեւանքով աշխատանքից ազատվել է առաջատար մասնագետներից մեկը, հաշվի է առնվել նաեւ քաղաքացիների դժգոհությունն այդ մասնագետի աշխատանքից:

Վարչապետը նշեց, որ կոռուպցիոն ռիսկերը բացակայում են կրթության եւ գիտության, ֆինանսների, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների լիցենզավորման գործակալություններում։ Սակայն խնդիրներ են արձանագրվել նաեւ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունում եւ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային տեսչությունում։ «Անհրաժեշտ է, որպեսզի էկոնոմիկայի նախարարը եւ արտակարգ իրավիճակների նախարարն իրենց անձնական հսկողության տակ վերցնեն այս երկու գործառույթները, որպեսզի այս ոլորտներում նույնպես բացառենք կոռուպցիոն երեւույթները»,- հայտարարեց Տ. Սարգսյանը: