ՄԻՊ նախաձեռնությամբ մայիսի 1-ից ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհուրդը լրատվամիջոցների հետ կապված երկու դատական վճռի վերաբերյալ արդեն հրապարակել է իր եզրակացությունները եւ երկու դեպքում էլ հակասական արձագանքներ են եղել: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը` ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցի, թե ինչպիսի՞ արձագանքներ են լինում եզրակացությունները հրապարակելիս եւ դրանով ի՞նչ է փոխվում:
«Առաջինի դեպքում արձագանքները շատ ավելի բուռն էին, երկրորդի դեպքում` ավելի հանգիստ, լավ արձագանքներ ենք ստացել նաեւ դատարաններից, գնահատել են կատարված աշխատանքը, իսկ բացասական արձագանքներ ստացել ենք այն թերթից, որին քննադատել էինք` «Հրապարակից»,- ասաց Շուշան Դոյդոյանը` հավելելով, որ առաջիկայում եզրակացություն կհրապարակեն նաեւ «Արզաքանցյանն` ընդդեմ «Իրավունք» թերթի» եւ «Օլիգարխներն` ընդդեմ «Հայկական ժամանակի» գործերով: Հիշեցնենք, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը իր առաջին եզրակացությունը հրապարակել էր «Քոչարյանն ընդդեմ Հրապարակի» իսկ երկրորդը` «Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» թերթի գործերով:
«Մեր խնդիրն է քննարկել դատական վճիռն ազգային ու միջազգային օրենսդրությամբ եւ տալ դրա գնահատականը: Մեկ-երկու վճռի վերաբերյալ եզրակացություն տալով իրավիճակը չի փոխվելու: Սա մեկ-երկու տարի աշխատելուց հետո միայն իր դրական ազդեցությունը կունենա»,- ասաց նա` հավելելով, որ կարելի է ստեղծել ինստիտուտ, որը կզբաղվի մամուլի եւ տեղեկատվության ազատության գործերով:
Նշենք, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը հիմնադրվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից եւ պաշտպանի նախաձեռնությամբ: Խորհրդի նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ անձի արժանապատվությունը եւ մասնավոր կյանքի իրավունքը` այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում փորձագիտական եզրակացություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի եւ էթիկայի նորմերի վրա: Խորհրդի քարտուղարը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն է, հիմնադիր անդամները` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի Քոնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը, «Արմմեդիա» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը: Խորհրդի կազմը կարող է համալրվել:




























