News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կրքերը հանդարտվել են. սեպտեմբերի 7–ից գործադուլ հայտարարած դասախոսներն այսօր՝ սեպտեմբերի 12–ին վերադարձել են աշխատանքի։

Դասախոսական անձնակազմը պահանջում է քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը, մեղադրելով նրան քոլեջն անձնական շահերից ելնելով կառավարելու մեջ։

Քոլեջի դասախոսներից Թագուհի Հովակիմյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Արշակյանի հետ տարաձայնությունները սկսվել են դեռ ամիսներ առաջ, երբ նա դպրոցի դասասենյակներից մեկից հեռացրել է 44–օրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները։

«Մի օր մտա սենյակ, տեսա՝ չկան էդ նկարները, ասացի՝ ո՞ւ ր են, պատասխանեց՝ «հո գերեզմանոց չի, ես սա եմ անելու, նա եմ անելու, «երեխաները վախենում են դասասենյակ մտնեն», իսկ երբ շատ խոսվեց այդ մասին, Արշակյանը հայտարարեց, թե փառքի սենյակ է սարքելու, որտեղ էլ կկախվեն տղաների լուսանկարները, սա էլ էն դեպքում, երբ քոլեջում լսարանի խնդիր կա։

Հետո խնդիրներն ավելի խորացան. նա դասախոսներից պահանջել էլ փաթեթներ ներկայացնել, հետո պարզվեց, որ այդ փաթեթներից շատերը չկան, ըստ իս՝ ինքը հետագայում պետք է ասեր՝ ձեր փաթեթները չկան, հետեւաբար ժամ պահանջել չեք կարող եւ այդ կերպ կկարողանար իր մարդկանց բերել քոլեջ։  Անգին Արշակյանը նույնիսկ իր աղջկան էր տեղավորել մեր քոլեջում, նա որեւէ առնչություն չուներ տնտեսագիտության հետ, բայց տնտեսագիտության ժամեր ստացավ, հետո էլ իր բարեկամուհուն բերեց կադրերի բաժնի վարիչ ու կես դրույքով հաշվապահ նշանակեց։ Արհմիության ամբողջ գումարը յուրացրեց, հիմա ասում է՝ ձեր կամքով, բայց մենք նույնիսկ տեղյակ չենք եղել դրա մասին, որ մեր կամքով լիներ կամ չլիներ։ Արշակյանը որոշեց վարձավճարները բարձրացնել, էն դեպքում երբ մենք նույնիսկ 120 000 դրամն էինք դժվարությամբ հավաքում, ուր մնաց 190 000 հավաքեինք»,– պատմեց Թագուհի Հովակիմյանը։

Ըստ դասախոսի՝ քոլեջի տնօրենը այգու ծառերը հատել է տվել, իսկ երբ տուգանվել է դրա համար, որպեսզի տուգանքի չափը կրճատվի, հապճեպ որոշել է ծառատունկ կազմակերպել։ 

«Երեխաների հետ միասին տնօրենին աջակցելու համար օգնել ենք այդ աշխատանքներում։ Մեր վրա էր վաճառում ստացած բերքը, մի խոսքով՝ գժանոց էր, ուսումնական պրոցես չէր ընթանում։ Դասից գալիս հանում էր, ասում էր՝ քաղհան պետք է անեք։ Մենք չենք ուզում իր հետ աշխատել, որովհետեւ ինքը ցավացնում է բոլորիս»,– նշեց Հովակիմյանը։

Իրավիճակը Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ավելի է սրվել, երբ Անգին Արշակյանն աշխատանքից ազատել է Ֆիզկուլտուրայի մասնագետ Արամ Արզումանյանին եւ բուժքույր Զեփյուռ Սահակյանին։ Ընդ որում՝ ըստ Թագուհի Հովակիմյանի՝ Արշակյանը կոլեգաներին աշխատանքից ազատել է՝ քոլեջ չներկայանալով։

«Ինքն իր մարդկանց է ուզում բերել, որ իր համար թիմ սարքի, բայց էնպես չի, որ մենք իր համար թիմ չէինք կարող լինել»,– ընդգծեց Թագուհի Հովակիմյանը։

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչնեը անցած շաբաթվա վերջին այցելել են քոլեջ։ Թագուհի Հովակիմյանի խոսքով՝ առաջարկվել է դադարեցնել գործադուլը, վստահեցրել են, որ յուրաքանչյուր բողոքի դեպքում ծառայողական քննություն է իրականացվում, ինչը, սակայն երկար գործընթաց է, որի պատճառով չեն կարող տուժել սովորողները։ Դասախոսները չեն անտեսել նախարարության ներկայացուցիչների խոսքը եւ դադարեցրել են գործադուլը, բաց պայմանով.«Որ րոպեին ինքը շենք մտավ, բոլորս նորից գործադուլի դուրս ենք գալու»։  

Հովակիմյանը հավելեց, որ հանդիպում են ունեցել նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որին ներկայացրել են իրենց դժգոհությունները։

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հրաժարականը պահանջողների դեմ հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին եւ արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի համար փոխհատուցման պահանջով։ Նա նշեց, որ իր նկատմամբ ուղղորդված արշավ է կազմակերպվել քոլեջի փոխտնօրեններ Կարինե Հարությունյանի եւ Սուսաննա Մարգարյանի կողմից։

«Իրենք օգտագործում են անմեղ հերոսների անունները, եթե ուսումնասիրեք իմ էջը, կտեսնեք, որ ես հավուր պատշաճի միջոցառումներ են կազմակերպում հերոսների հիշատակին նվիրված, դրանցից մեկն էլ կազմակերպել եմ օգոստոսի 8–ին։ Իրենց ասած լուսանկարները ես նախատեսել էի տեղափոխել փառքի լսարան, ինչն իրենց դուր չէր եկել։ Իսկ սեպտեմբերի 1-ին միջոցառում պետք է կայանար, որն այդպես էլ տեղի չունեցավ։

Իմ վերաբերյալ բոլոր մյուս մեղադրանքներն էլ զրպարտանք են, քոլեջի գործունեության հետ կապված քրգործեր կան վաղուց, դրանք առնչություն չունեն ինձ հետ։ Ես իմ նշանակման առաջին իսկ օրվանից պատշաճ կատարել եմ իմ պարտականությունները, իմ մասով դրամական, ապօրինի քայլ չկա, տեսչական ստուգման արդյունքում քոլեջն ամբողջությամբ ռիսկային գոտում է եղել, աուդիտի տվյալները խայտառակ են, շտկելով գալիս եմ, ինչը ձեռք չի տալիս իրենց, օրինական աշխատող տնօրեն իրենց պետք չէ, կոռուպցիա չկա, մաքուր ընդունելություն է, տարիներ շարունակ այդ քոլեջը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ»,– ասաց Անգին Արշակյանը։

Քոլեջի տնօրենը նշեց, որ ֆիզկուլտուրայի մասնագետին աշխատանքից պետք է ազատեր դեռ ապրիլին, որովհետեւ նա դեռ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում եւ, ըստ օրենքի, չի կարող աշխատել միջին մասնագիտական հիմնարկում։

«Ես նրան աշխատանքից չեմ ազատել իմ քմահաճույքով, դա տեսչության պահանջն էր։ Ես կադրի կարիք ունեմ, բայց իրավունք չունեմ օրենք խախտել։ Ինչ վերաբերում է բուժքրոջը, ապա աուդիտորական ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ մենք բուժկետ չունենք, իսկ բուժքույրն էլ պետք է ունենա վերապատրաստման թերթիկ, ես իրեն երկու ամիս առաջ ասել եմ, որ պետք է գնա վերապատրաստման, իսկ հետո կտեսնենք՝ կարո՞ղ ենք ունենալ բուժկետ, թե՝ ոչ, լիցենզիա ստանալ Առողջապահության նախարարությունից, եւ քեզ վերցնել, ինքն ինձ ի՞նչ է արել, որ ես հանեմ։ Ասում են՝ իմ ծանոթներին եմ բերում քոլեջ, ո՞ւմ պետք է Էջմիածնից տանեմ Հոկտեմբերյան, իմ աշխատավարձը նույնիսկ ճանապարհածախսը չի հանում։ Իսկ իմ աղջիկը համատեղությամբ էր եկել մեր քոլեջ, էդ ընթացքում մարդ չկար, ժամերի խնդիր ունեինք, ստիպված էդ կարճ ժամանակահատվածով ժամեր վերցրել, նրան ձեռքից ձեռք են խլում, նրա ինչին էր պետք չնչին աշխատավարձով այս քոլեջում մնալը»,– ասաց Արշակյանը։

Քոլեջի տնօրենը հավելեց, որ  իր նկատմամբ իրականացված «գրոհի» հետեւանքով առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով է, որ ինքը վերջին օրերին քոլեջ չի գնում։ «Ես վաղը չէ մյուս օրը կվերադառնամ աշխատանքիս, իսկ եթե վաղն էլ լավ զգամ, ապա հենց վաղը կգնամ, հիմա էլ ես աշխատում եմ»,– ասաց նա։

Լուսանկարը՝ Հանրային ռադիոյի 

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ